«Վայթ Շորժայից» դժգոհ են․ ինչ է պատմել հայտնի դերասանուհին
Armlur.am-ը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու շուրջ նոր սկանդալ է հասունացել։
Դեռևս 2020 թվականին «Հետք»-ը գրել էր, որ Սևանա լճի ափին գտնվող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին, որը շահագործում էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը՝ Արտյոմ Մելքումյանը, ապօրինի է գործում:
ՀՀ էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ «ՎԱՅԹ ՇՈՐԺԱ» ՍՊԸ-ն գրանցված է Զարեհ Սարգսյանի անունով, այսինքն՝ պատգամավորի հայրիկի։
Օրերս դերասանուհի Հասմիկ Խոջյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ, դժգոհելով Սևանի ափերից մեկից, հետևորդներին առաջադրանք է տալիս գուշակեք, թե որ ափն է։
Հետևորդները միանգամից արձագանքում են և նշում, որ սա «Վայթ Շորժա» հանգստի գոտին է։
Դերասանուհին հստակ նշում է, որ շատ դժգոհ է, քանի որ միայն մուտքավճարը 1 անձի համար 7 000 դրամ է։ Բացի սա՝ Բունգալոյի արժեքը կազմել է 20 հազար դրամ, որը եղել է ըստ ցանկության։
Ըստ դերասանուհու՝ մուտքավճարը ներառում էր շամպայնի հյուրասիրություն, նաև փարթի, որը այդպես էլ տեղի չի ունեցել։ Հասմիկ Խոջյանը նշում է, որ դրական կողմերից է բատուտը և փրփուր փարթին, որը 10-ից 8 էր գնահատում դերասանուհին։
Հաջորդ օրը «Վայթ Շորժա» հանգստի գոտու սոցիալական ցանցում հրապարակվեց ամեն բան հերքող «ռեպորտաժ»։ Մեկ առ մեկ անդրադառնալով դերասանուհու դժգոհություններին՝ հանգստյան գոտու ներկայացուցիչը պնդում է, որ այն զրպարտություն է, խոստացված փարթին և հյուրասիրությունը եղել են։ Տեսանյութի վերջում դերասանուհու հասցեին «սիրո խոստովանություն» են անում և ավարտում։
Թե ով էր ճիշտ և ով սխալ, դա մեզ չի վերաբերվում, սակայն փաստ է, որ պատգամավորի ընտանքին պատկանող և ընկերոջ կողմից շահագործվող «Վայթ Շորժա» հանգստի գոտուց առաջին անգամը չէ, որ բացասական կարծիքներ են հնչում։