Տիկինը մի այլ կարգի է «փիառվում». ինչո՞ւ
Hraparak.am-ը գրում է․ Ես մեր ժողովրդին չեմ մեղադրում, որ ուզում է ուրախանալ։ Անգամ Աննա Հակոբյանի հետ «տռճիկ տվողներին» չեմ մեղադրում։ Հինգ տարի, ինչ սրանք եկել են իշխանության, ամեն օրը մահ ու սարսափ է եղել։ Հինգ տարվա սգից հետո երկիրն ուզում է մի պահ հանել սգո սև շորերը, կտրվել իրականությունից և ուրախանալ։
Մեր ժողովուրդը չի ուզում խելագարվել և ինքնապաշտպանական բնազդ է սգից ինչ որ պահի կտրվելը։ Ցավը սրտում՝ նրանք Նոր տարի են անում։
Ամանորյա բաժակը խփելուց հետո, համոզված եմ, երկիր կորցրած ցանկացած հայ խորը մտածմունքի մեջ է ընկնելու՝ ի՞նչ է սպասվում մեզ։ Նորից եմ կրկնում՝ Նոր տարի նշող հայերին մի՜ մեղադրեք։ Դուք ուշադրություն դարձրեք, թե իշխանությունն ինչու՞ է ուզում ամեն կերպ «նրանց ուրախացնել»։
Ինչու՞ է Տիկինը երջանիկ, պարեր ցուցադրում, ինչու՞ է փակ աչքերով, ոնց որ վայելքի մեջ ինքնամոռաց շարժումներ անում, ինչու՞ է ժողովրդի «սրտին մոտ», խոցելի խմբի մարդկանց հետ հանդիպում, ցուցադրաբար գրկախառնվում, պարում։
Եթե ուրիշ երկիր լինեինք, կասեինք՝ ի՜նչ պարզասիրտ, գթասիրտ տիկին է, սիրտը ցավում է․․․ Բայց մենք հո գիտե՞նք մեր երկիրը, նրան սպասվող արհավիրքները, մենք հո գիտենք Ալիևային Ստեփանակերտ հրավիրող Տիկնոջը, պետք է սթափ լինենք։
Նույնիսկ օնլայն հարթակներում են դա նկատել, որ ,,Տիկինը մի այլ կարգի է փիառվում, վտանգ կա,,։ Սա մեր երկիրը իրականությունից կտրելու էֆթանազիա է։ Սա հեշտ մահվան տանելու գործողություն է, երբ հիվանդի նկատմամբ կատարվում է թաքուն, չերևացող, թավշյա գործողություն։
Սա ոչ կամավոր էֆթանազիա է։ Տոն օրերից հետո դուք կիմանաք, որ ողջ երկրի կառավարումը գտնվում է «Ընտանիքի ձեռքում»։
Կկնքվեն թշնամու հետ պայմանագրեր, որոնցով դուք կզրկվեք ձեր տնից, ձեր տունը ղեկավարելու կարողությունից, ձեր տունը պահելու տարրական բնազդից։ Հասարակությանը փշուր- փշուր անելը, աստղերի նման հազար մասի բաժանելով թուլացնելը, այս իշխանության գործելակերպն է։
Մենք թեկուզ բյուր լինենք, բայց առանձնացած, ցրված, չենք կարող պայքարել միավորվածի դեմ։ Իշխանության քայլերն ուղղված են մեզ պառակտելուն, թուլացնելուն, իրար մեջ թշնամիներ որոնելու քայքայիչ գործողություններին։ Նա մտնում է բոլոր խավերի մեջ, հասկանալով, որ նրանց դրանով լավություն չի անում, թիրախավորում, ազգը պառակտում է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում