Փոխադարձ վիրավորանքներ, հրմշտոց. Վաղարշապատի անձնագրայինում խայտառակ վիճակ է
Hraparak.am-ը գրում է․ Վաշարշապատի անձնագրային բաժնում ասեղ գցելու տեղ չկա, մարդիկ շնչահեղձ են լինում, վիճում են, վիրավորում իրար: Անձնագիր փոխելու կամ հաշվառման կանգնելու համար քաղաքացիներն օրերով հերթ են կանգնում:
Բանն այն է, որ էլեկտրոնային, օնլայն հերթագրում հնարավոր է անել միայն Երեւանի անձնագրայիններում եւ օվիրում, իսկ մարզերում այդ ծրագիրը ներդրված չէ եւ ոչ միայն մարզի, այլ նաեւ մայրաքաղաքից են գալիս մարզերի անձնագրայիններ՝ շտապ գործարքներ անելու, եթե օնլայն հերթագրում չունեն:
Ուղղակի սոսկալի իրավիճակ է ստեղծվում, երբ, օրինակ, առավոտյան 200-300 հոգի միաժամանակ գալիս են՝ հերթի կտրոն քաշելու: Երեւանում օնլայն դիմողներն այնքան շատ են, որ մեկ կամ երկու ամիս սպասելու փոխարեն քաղաքացիները նախընտրում են գնալ մոտակա մարզեր:
Հունվար ամսին մարզերի անձնագրայիններում խնդիրն ավելի է բարդանում՝ պայմանավորված զինվորների զորացրումով, որից հետո օրենքով պետք է հաշվառվեն եւ «ուչոտի» կանգնեն:
Ավելորդ քաշքշուկից եւ վիճաբանություններից զերծ մնալու համար շատ հաճախ անձնագրայինների աշխատակիցները կա՛մ ընդմիջման չեն գնում, կա՛մ գնում են 5 րոպեով: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության լրատվականից ասացին՝ ծանրաբեռնվածությունից ելնելով՝ հերթագրման համակարգը առաջինը գործարկվել է Երևանում, մարզերում էլ են ներդնելու, բայց թե երբ՝ պարզ չէ:
Սակայն այս համակարգի ներդրումով, պարզ է, որ հարցերը չեն լուծվում՝ շտապ գործարք անողները չեն կարող ամիսներ առաջ հերթագրվել եւ սպասել իրենց հերթին։
«Այս պահին ընթանում են համապատասխան գործընթացներ հանրապետության մարզերի ստորաբաժանումներում նույնպես հերթագրման համակարգ ներդնելու ուղղությամբ»,-ասացին լրատվականից։