Օրենքով գողերի ռազբորկա Երևանում. հնչել են կրակոցներ. կան ծեծված օրենքով գողեր
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ նոյեմբերի 17-ին, «օրենքով գողերի ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վաչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 111/30 հասցեում կրակոցներ են հնչել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդան Վարդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը:Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 16:20-ի սահմաններում նշված հասցեում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Վիտալի Ավդիանին, ով եղել է Toyota մակնիշի ատոմեքենայով, դեռևս չպարզված ուղևորների հետ միասին վիճաբանել են Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Շահբազյանի հետ, ով եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, իսկ Merecedes-ում եղել է Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Մկրտչյանը:
Վիճաբանության ընթացքում երկու կողմերը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, որով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և հայհոյանքներ հնչեցրել միմյանց նկատմամբ:
Օպերատիվ տվյալներով պարզվել է նաև, որ Վ. Ավդիանին ձեռքերով հարվածներ է հասցրել Ա. Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը և մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանության բաժնի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հայտնաբերում են Ա. Մկրտչյանին, Հ. Շահբազյանին, Երևանի բնակիչներ 52-ամյա Արմեն Շ.-ին, 53-ամյա Պարույր Գ.-ին, 39-ամյա Արթուր Գ.-ին, 37-ամյա Հայկ Խ.-ին, Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Պարույր Բ.-ին, Երևանի բնակիչներ 25-ամյա Հայկ Ս.-ին, 34-ամյա Արտյոմ Մ.-ին, 54-ամյա Գևորգ Հ.-ին, 47-ամյա Արթուր Կ.-ին և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Ս.-ին:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վաչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով ՀՀ Քր. օր.-ի 297 հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Վ. Ավդիանիին և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ավդիանին և Ա. Մկրտչյանը օրենքով գող են:
Վերջինս հայտնի է «Արսեն Երևանսկի» մականվամբ:
Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած քաղաքացիներ կան, ինչպես նաև՝ արդյոք հիվանդանոցներ դիմող անձինք եղել են: