Ծակքար գյուղի գետից դուրս է բերվել 4-ամյա աղջնակի դին
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղով հոսող «Ծակքար» գետը երեխա է ընկել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը:
Ոստիկանները պարզել են, որ նշված գետից քաղաքացիները դուրս են բերել նույն գյուղի բնակիչ 4-ամյա երեխայի դին:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում սպանություն հատյանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ Լուսին Հ.-ն էր և ըստ նախնական տեղեկությունների՝ նա անզգուշաբար ընկել է գետը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: