Մի քանի ՔՊ-ականներով խմբավորում էին ստեղծել, ինֆորմացիաներ հավաքագրել․ մանրամասներ՝ ՔՊ-ից Թաթուլ Ասիլյանին հեռացնելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ Թաթուլ Ասիլյանի անունը բազմաթիվ ապօրինությունների հետ է կապվում, բացի այդ «հեղափոխականները» դուր չէր գալիս Ասիլյանի լկտի և սանձարձակ պահվածքը։
«Բազմիցս Թաթուլ Ասիլյանի պահվածքի մասին տեղեկացրել ենք վարչապետին, բայց ամեն անգամ փորձում էր հնարավորություն տալ՝ հաշվի առնելով Թաթուլի ակտիվ մասնակցությունը 2018 թվականի հեղափոխությանը»,- ասաց ՔՊ-ի մեր աղբյուրը, ապա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը զայրացել է և կարգադրել բոլոր «վատ» վարքագիծ դրսևորող թիմակիցների մասին իրեն զեկուցեն։
ՔՊ-ի մեկ այլ անդամ էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ Թաթուլ Ասլիյանից բացի առաջիկայում այլ անձինք ևս կհեռացվեն կուսակցությունից և պատճառը առանձին խմբավորումներ ստեղծելն ու ներսի ինֆորմացիաները հավաքագրելն է․
«Թաթուլը, ինչպես նաև մի քանի կուսակցականներ վերջին շրջանում կուսակցության ներսում «մինի կուսակցություն» էին հիմնել և իրենց խմբավորումով ինֆորմացիաներ էին հավաքում։ Հենց սա է հիմք հանդիսացել նրանց կուսակցության շարքից հեռացնելու»։
Նշենք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխության» մասնակից, Արարատի բնակիչ Ալինա Մախսուդյանն ամիսներ առաջ ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի մասին աղմկահարույց գրառում էր կատարել, նշել, որ Թաթուլ Ասիլյանը փորձել է կենակցել 44-օրյայում վիրավորվածի հարսի հետ։
Մեր տեղեկություններով՝ այս հանգամանքը ևս հիմք է հանդիսացել Թաթուլ Ասիլյանին կուսակցությունից հեռացնելու համար։
Оragir.News-ը կապ հաստատեց Ալինա Մախսուդյանի հետ։ Հարցին՝ արդյոք ինքն այս միջադեպի մասին անձամբ հայտնե՞լ է ՔՊ-ին, որպեսզի Ասիլյանին «պատժեն», Ալինա Մախսուդյանը պատասխանեց․
«Միանշանակ չեմ դիմել ոչ մեկին, ես այդ կուսակցության անդամ չեմ, ես ուղղակի իմ էջում դրա մասին խոսել եմ, որովհետև ինձ դիմել է այդ մարդու հարսը։
Բայց մենակ ինքը չէ, բազում բաներ է եղել, որ ինձ դիմել են, դե ես անձամբ էլ սկսել եմ հետաքրքրվել»։ Մախսուդյանը կարծում է, որ Թաթուլ Ասիլյանը շատ կասկածելի գործարքների մեջ է եղել, այդ իսկ պատճառով էլ նրան հանում են կուսակցությունից: