Ողբերգական ավտովթար Կոմիտասի պողոտայում. ծնողները հիվանդանոցում մահացել են, բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար

komitas avtovtar

Ողբերգական ավտովթար Կոմիտասի պողոտայում. ծնողները հիվանդանոցում մահացել են, բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 09:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում՝ Րաֆու անվան դպրոցի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Վարդան Ա.-ի վարած Audi մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի, 22-ամյա Լևոն Խ.-ի վարած Ваз 2101 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 01-ի վարորդը, նրա ուղևորներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ, 62-ամյա Աննա Խ․-ն ու 66-ամյա Կամո Խ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Աննա Խ.-ն՝ Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Կամո և Լևոն Խ․-երը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ փրկարարները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն  են ցուցաբերել:

Փրկարարները վիրավորներից 2-ին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնը:

Մինչ դեպքի վայրում պարեկները ծառայություն էին կատարում, Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Աննա Խ.-ն գիտակցության չգալով մահացել է:

Կարճ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորներից Կամո Խ․-ն ևս գիտակցության չգալով մահացել է: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Վարորդները ենթակվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածները 01-ի վարորդի ծնողներն են:

Share