Ուշադիր եղեք․ շրջանառվում են կեղծ թղթադրամներ
Hraparak.am-ը գրում է․ Ինչ-որ մեկը մի քանի օր առաջ ինձ «քցել» է Պարույր Սևակի պատկերով 1000 դրամով: Դա բացահայտվեց այսօր, երբ փորձեցի մեր շենքի հարևանությամբ փոքրիկ խանութից գնում կատարել: Ինձ համար դա կատարյալ շոկ էր, քանի որ կեղծ դրամ մեկ էլ ստացել էի 30-35 տարի առաջ: Ընդ որում, երկու դեպքում էլ դրամի արժեքը 1000-ն էր: Երևույթը կողքից դիտարկելով՝ կարող եմ ասել, որ դա «նորմալ» է:
Քանի որ 1000 դրամանոցը Հայաստանի նման աղքատ երկրում ամենաշրջանառվող թղթադրամն է: Սակայն պարզվեց, որ նույն այդ խանութում առևտուր են արել կեղծ 20,000-անոց թղթադրամով: Ինչն արդեն նորմալ համարել չեմ կարող: Հատկապես, որ նման արժեքի կեղծ թղթադրամների շրջանառության առումով իշխանությունն ավելի ուշադիր է լինում:
Եվ բացահայտման դեպքում բաց չի թողնում ինքնափիառվելու հնարավորությունը: Ընդ որում, նույն երևույթն առկա էր նաև երբեմնի «դուխով» Նիկոլի կողմից մերժված նախկինների օրոք: Այս հարցում ոչինչ չի փոխվել:
Չէ, ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվել է. յուրաքանչյուր նման դեպքից հետո Կենտրոնական բանկը նախկինում մամուլի ասուլիս էր կազմակերպում: Եվ հասարակությանը ներկայացնում էր կեղծ թղթադրամներից պաշտպանվելու հիմնական կանոնները:
Դա որպես նախկին լրագրող եմ ասում, որը 20-25 տարի առաջ մասնակցել է մի քանի այդպիսի ասուլիսների: Այս անգամ, բնականաբար, նման բան տեղի չի ունեցել: Որովհետև որպես ողջ օրը լրատվական կայքերը դիտարկելով՝ մեկում կամ մյուսում կարող էի հանդիպել դրա վերաբերյալ հաղորդման: Ենթադրում եմ, որ դրա պատճառը «մեծարգո վարչապես պարոն Փաշինյանի» կառավարումն է, որի օրոք նույնիսկ կեղծ թղթադրամ պատրաստելն է անհնար:
Իսկապես, հայաստանյան «ժողովրդավարության բաստիոնում» ինչպե՞ս կարող են շրջանառվել կեղծ թղթադրամներ: Իսկ եթե ավելի լուրջ, ապա կարող ենք այդ երևույթը գնահատել որպես անգործության ամենաթեթև դրսևորումներից մեկը: Կարևորը թշնամու կողմից պարտադրված խաղաղությունը փիառելն է՝ այն անվանելով «խաղաղության խաչմերուկ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում