«Արցախյան երկրորդ պատերազմ․ ապրող և ապրեցնողները» շարքի շրջանակներում Iravaban.net-ի հետ զրույցում ասում է Սեյրան Սողոյանը։
Տանկիստ Սեյրան Սողոյանը ծառայում էր օկուպացված Արցախի Հանրապետության Որոտանի շրջանում, երբ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ Արցախի դեմ։
«Վիրավորմանս պատմությունը շատ խառն է։ Վիրավորում ստացել եմ դիպուկահարի հարվածից։ Երբ վիրավորվեցի, չէի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, միանգամից ոտքերս չզգացի։ Երբ ընկերներս տանկի միջից ինձ հանել են, մի պահ բուժակ է մոտեցել ինձ, ստուգել է զարկերակս, ընդհանրապես չեմ շնչել ու մտածել են, որ ես զոհվել եմ, բայց ուժ հավաքեցի, գոռացի, որ ողջ եմ։
Ընկերներս պատմում են, որ երբ աչքերս փակել եմ ու իրենք մտածել են, որ զոհվել եմ, իրենք սկսել են աղոթել, ես հետո հիշել եմ, որ այդ նույն ժամանակահատվածում ես էլ եմ աղոթել, ես գիտակցաբար չէի հասկանում, ոնց եմ աղոթում, բայց բերանս աղոթում էր ու հենց ես ասել եմ՝ ամեն, ու ընկերներս էլ են ասել՝ ամեն, աչքերս բացել եմ»,-ասաց մեր զրուցակիցը։
Սեյրանը հիվանդանոցում որպես անհայտ կորած է հայտնվել, իր անունը հայտնի չի եղել, ծնողները չեն կարողացել իրեն գտնել, բայց այս դեպքում էլ հրաշք է պատահել նրա հետ։ Իր մանկության ընկերն աշխատել է այն հիվանդանոցում, որտեղ ինքն է հայտնվել ու տեղյակ է պահել Սեյրանի ծնողներին, թե որտեղ է իրենց որդին։
«Այդ ժամանակ ինձ համար շատ կարևոր էր եղբորս տեսնելը, որովհետև նա էլ էր կռվի դաշտում ու վիրավորվելուցս մի քանի օր առաջ կորցրել էի կապը եղբորս հետ ու անհամբեր սպասում էի, որ վերակենդանացման բաժանմունք կմտնի եղբայրս ու երբ եկավ, արդեն հանգստացա»,-ասում է նա։
Սեյրանը նշում է, որ իրեն առաջին ուժ տվողը մայրն է եղել։
«Անգիտակցաբար ասացի, որ չեմ զգում ոտքերս։ Մամաս ասաց՝ ոչինչ, կզգանք, չմտածես։ Այդ երեք բառը շատ մոտիվացրել է ինձ։
Հիասթափություն բնականաբար եղել է, ընթացքում էլ է լինում, բայց առաջին հիասթափությունս եղել է, որ երբ պետք է սայլակին նստեի, այս փաստը շատ ծանր եմ տարել։
Սկզբնական շրջանում երկար ժամանակ պառկած էի ու միակ ցանկությունս գոնե նստելն էր, դեռ չէի մտածում քայլելու ու կանգնելու մասին։ Երբ հարցրեցի բժշկին, թե երբ կարող եմ նստել, ասաց՝ 6-7 ամիս հետո։ Ես սկսեցի շատ պարապել ու ընդամենը մեկ շաբաթ հետո նստեցի»,-պատմում է Սեյրանն ու ընգծում, որ ամեն ինչ կապված է կամքի ուժի հետ։
Մանրամասները՝ Iravaban.net-ի տեսանյութում