Ներքին Հանդի տարածքում տեղակայված մարտական դիրքում թշնամու կողմից արձակած կրակոցների հետևանքով զոհված 41-ամյա Գագիկ Վարազդատի Մանուկյանը Կոտայքի մարզի Քասախ գյուղից էր, ամուսնացած էր ունի 3 անչափահաս երեխա։
«Գագիկը շատ լավ մարդ էր, հոգատար հայր, լավ ամուսին։ 3 երեխա ունի՝ 2 աղջիկ, 1 տղա։ Ինքը նաև 44-օրյա պատերազմին է մասնակցել․․․ 15 օր առաջ էր դիրքեր բարձրացել»,- Oragir.news-ին պատմեց Քասախ գյուղի բնակիչներից մեկը։
Գագիկ Մանուկյանը 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի ազգականն է։ Մեր զրուցակցի խոսքով՝ հատկապես կապիտանի զոհվելուց հետո Գագիկը մշտապես ասել է, որ պետք է վրեժ լուծի․
«Հարազատները ասել են՝ մի գնա, որ քեզ մի բան լինի, երեխաներդ անհեր են մեծանալու, բայց չի լսել նրանց, ասել է՝ իմ ախպոր վրեժը պետք է լուծեմ։ Ինքը միշտ դիրքեր է բարձրացել՝ 15 օր տանը, 15 օր դիրքերում»։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված դիրքերի վրա թշնամու կողմից արձակած կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։