1915 թ. այս օրը սպանեցին Դանիել Վարուժանին
1915 թվականի հենց այս օրը՝ օգոստոսի 26 -ին, Չանղըր բնակավայրի մոտ սպանվել է 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանը։ Հայոց ցեղասպանության զոհ է: Մեծանուն գրողը 31 տարեկան էր:
Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում։ 1896–1902 թթ-ին սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան, ապա՝ Գատըգյուղի (թաղամաս` Կոստանդնուպոլսում) վարժարաններում: Այդ տարիներին նրա վրա ծանր տպավորություն են թողել աբդուլհամիդյան ջարդերը, որոնք հետագայում դարձել են բանաստեղծի ստեղծագործության հիմնական թեմաներից:
1902–05 թթ-ին Վարուժանն ուսանել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Բանաստեղծին գրավել է Վերածնության շրջանի հզոր մշակույթը, խորապես ուսումնասիրել է նաև Հայաստանի պատմությունը, հին ու նոր գրականությունը:
1909 թ-ին Վարուժանն ավարտել է Գենտի (Բելգիա) համալսարանը, վերադարձել հայրենիք և մինչև 1911 թ. դասավանդել է Սեբաստիայի Արամյան վարժարանում, 1911–12 թթ-ին՝ Թոքաթի (այժմ՝ Եվդոկիա) ազգային ճեմարանում, 1912–15 թթ-ին եղել Կոստանդնուպոլսի Լուսավորչյան վարժարանի տնօրեն: Նա ժամանակի հայ առաջադեմ մանկավարժներից էր:
1914 թ-ին գրող, գրականագետ Հակոբ Սիրունու հետ Վարուժանը հրատարակել է «Նավասարդ» գրական-գեղարվեստական տարեգիրքը, օժանդակել «Մեհյան» (1914 թ.) գրական-հասարակական հանդեսի ստեղծմանը: Վարուժանը սկսել է գրել է 1896 թ-ից: Նրա աշխատանքներից են՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր», «Հացին երգը» և ուրիշներ։
Դանիել Վարուժանն արևմտահայ բանաստեղծության ակնառու դեմքերից է, նորռոմանտիզմի սկզբնավորողը հայ գրականության մեջ: Նրա պոեզիան անձնական ու հասարակական ցավերի ծնունդ է, կործանումից ելք որոնող ժողովրդի մաքառման ուժի և ճակատագրի փիլիսոփայության խտացումը:
1915 ապրիլի 24-ին Վարուժանը գտնվել է այն մտավորականների ու հասարակական գործիչների շարքում, որոնք ձերբակալվել են թրքական ոստիկանության կողմից։ Նա շատերի հետ աքսորվել է Չանղըրը, որտեղ մնացել է կալանավոր։ 1915 թ., օգոստոսի 26-ին որպես թե տեղափոխվելով Չանղըրըից Այաշ, ճանապարհին նա դաժանորեն սպանվում է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։