Ոչ մի օր առողջական վիճակից չի բողոքել․ օրերս մահացած զինծառայողի դասընկեր
Հրամանատարը, որը նույնպես ներկա էր Դավիթի հուղարկավորության արարողությանը, ասում էր, որ ծառայության մեկ տարվա ընթացքում Դավիթը ընդամենը 2 անգամ է բուժկետ գնացել՝ մի անգամ գլխացավի դեղ, մի անգալ էլ ոտքի համար քսուք վերցնելու:
Սիսիանի զորամասերից մեկում հունիսի 24-ին հանկարծամահ եղած Դավիթ Ներսիսյանի դասընկերը NEWS.am-ի հետ զրույցում պատմում է՝ «12 տարի միասին սովորել ենք, ոչ մի օր առողջական վիճակից չի բողոքել, չի ասել՝ որ որևէ տեղը ցավում է»:
«Դավիթի ծառայակից ընկերները և հրամանատարը ներկա էին հուղարկավորության արարողությանը: Հրամանատարը իր հետ Դավիթի պատվոգրերն ու շնորհակալագրերն էր բերել, որ նա անձամբ պիտի այս շաբաթ բերեր, բայց չստացվեց. երեքշաբթի օրը պիտի արձակուրդ գար, բայց չեկավ, բերեցին»,-հավելում է նա:
Դասընկերուհու խոսքով, 19-ամյա Դավիթը ընտանիքի ավագ որդին էր, իրենից փոքր մի եղբայր ունի:
«Ծնողները անչափ սիրում էին Դավիթին, չեն էլ ընդունում տեղի ունեցածը: Ծնողները գրեթե ամեն կիրակի գնում էին Դավիթին տեսնելու: Նրա ծնունդը հունվարի 1-ին էր, Նոր տարին նրա հետ զորամասի բակում են դիմավորել»,-ասում է նա: