Ծնունդդ շնորհավոր հերոս․ այսօր 44-օրյա պատերազմում զոհված Սարգիս Սրքոյանի տարեդարձն է
2020 թվականի հունվարի 13-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում Սրքոյանների ընտանիքում, ուրախության, հուզմունքի և հպարտության զգացողությունները միաձուլվել էին. նրանք իրենց որդուն՝ Սարգիսին, ճանապարհում էին ծառայության` չմտածելով անգամ, որ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմին, կյանքի ընդամենը 19 գարուն ապրած Սարգիսը, անմահանալու էր՝ Հայրենիքին նվիրելով իր երիտասարդ կյանքը։
Ընկերները և հարազատները միչև այժմ չեն հավատում, որ Սարգիսը այլևս չկա, բայց և հպարտ են, որ պատիվ են ունեցել ճանաչել նրան։
Oragir.News-ը կապ հաստատեց Սարգիսի մայրիկի՝ տիկին Աննայի հետ։ «Դաժան ցավ է ինձ բաժին ընկել, տղայիս 23 տարին էր, նրա երկնային ծնունդը։ Իմ համար ոչինչ չի փոխվել, տղաս ինձ համար միշտ մնացել է իմ խոնարհ, բարի, խելոք Սարգիսը, շրջապատում շատ հարգված, սիրված։
Մենք մերոնցով հավաքվեցինք, գնացինք գերեզմաններ, ինչպես արդեն վերջին 3 տարում անում ենք, խունկ ենք ծխում, շնորհավորում նրա երկնային ծնունդը, հետո վերադառնում ենք, հիշում տղայիս, ուրախանում, տխրում, և այդպես լինելու է, քանի դեռ ես շնչում եմ»,- ասաց Սարգիս Սրքոյանի մայրը։
Սարգիսի դասընկերուհին՝ Սեդան, մեզ հետ զրույցում նշեց, որ Սարգիսը շատ համեստ, օրինակելի աշակերտ էր․ «Նրանից վատ բան չեմ տեսել մեզ հետ սովորելու տարիներին։ 9-րդ դասարանից դուրս եկավ, բայց կապ պահում էինք դասընկերներով։ Շատ մեծ ցավով եմ հիշում, որ երբ մեր դասղեկը բաժանում էր Զինվորական Աստվածաշունչը, Սարգիսը ներկա չէր, որ իրենը տար. գործեր ուներ, չկարողացավ գալ։ Մեր դասարանից միայն Սարգիսը չվերադարձավ… Միաժամանակ և’ ցավ,և’ հպարտություն կա. Հերոսի հետ ենք սովորել»։
Սարգիսը ծառայությունը իրականացնում էր ԼՂՀ-ում՝ Ջաբրայիլում։ Պատերազմի ընթացքում մի քանի անգամ զանգահարել էր տուն, խոսել հարազատների հետ, որպեսզի չանհանգստանան, սակայն հոկտեբերի 10-ից հետո Սարգիսի զանգերը դադարել էին։
Ծնողներին տեղեկացրել էին, որ նրա վարած մեքենան թշնամու բացած կրակի պատճառով ձորն է գլորվել, իսկ տղան ամենայն հավանականությամբ` զոհվել։ Հարազատները երկար ժամանակ փորձել են գտնել տղայի մարմինը և միայն 2021 թվականի փետրվարի 3-ին են կարողացել նրան հողին հանձնել։