Գետի մակարդակը բավականին իջած է եղել, ջրասուզակն է հայտնաբերել երեխայի դին գետից

Մարմարիկ գետում անհետանալուց 20 օր անց հայտնաբերված 2-ամյա փոքրիկի մարմնի արտաքին զննությամբ վնասվածքներ չկան, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ նշելով, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք, որ փոքրիկ Տիգրանի գտնվելու վայրը անհայտ է եղել մայիսի 4-ից։ Ի սկզբանե հիմնական վարկածը եղել է այն, որ երեխան ընկել է Մարմարիկ գետը, միևնույն ժամանակ տեսակետներ էր հնչում երեխայի հնարավոր առևանգման, գիշատչի կողմից հարձակման, սակայն նման հետքեր չեն եղել։

Գետն ընկնելու վարկածը համարվել է ամենահավանականը։  

20 օր շարունակ փրկարար ծառայության աշխատակիցները որոնողական աշխատանքներ են իրականացրել, մեծամասամբ ուժերը կենտրոնացրել են Մարմարիկ գետում և Աղբյուրակի ջրամբարում։

Այսօր առավոտյան՝ ժամը 10։40-ի սահմաններում փրկարարները հայտնաբերել են երեխայի դին՝ Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը MediaHub-ի հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքներից, թե ինչպես է հաջողվել գտնել նրա մարմինը հենց այսօր առավոտյան, նաև որոշ տեղեկություններ հայտնեց երեխայի հարազատների հետ շփումներից։

«Շուրջ 20 օր ամեն առավոտ, վաղ առավոտից վերսկսվում էին որոնողական աշխատանքները և դադարեցվում էին միայն մութն ընկնելուն պես։ Եվ այսօր նույնպես վաղ առավոտից վերսկսվել էին որոնողական աշխատանքները, և ժամը 10:40-ի սահմաններում Մարմարիկ գետում, «Հրազդան ՋԷԿ»-ի մոտական կամրջի մոտ ջրասուզակը հայտնաբերել է որոնվող երեխայի դին։

Քսան օր շարունակ ինտենսիվ աշխատանքները շարունակվում էին, որին մասնակցում էին թե՛ փրկարար ծառայողները, թե՛ ոստիկաններ, քննարկվել են բոլոր տարբերակները, բոլոր վարկածները, վերջին շրջանում նաև գետի հոսքի հետ կապված փոփոխություններ են իրականացվել, և արդեն վերջին մի քանի օրերին գետի հոսքը բավականին նվազել էր՝ համեմատած առաջին օրերի հետ։

Եվ այսօր կամրջի տակ հայտնաբերվեց, ցավոք սրտի, երեխայի դին»,- ասաց Նարեկ Սարգսյանը։