«Մաշտոց» հյուրանոցը հրաժարվել է վճարովի հիմունքներով արցախցիներին սենյակ տրամադրել
Դերասանուհի Անաիս Սարդարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ այս օրերին արդեն հասցրել են շուրջ 67 հազար արցախցու օգնություն ցուցաբերել, սակայն իր ստեղծած կամավորական ջոկատը բացառում է բոլոր տեսակի դրամահավաքնները:
Օգնություններ տրամադրում են սննդամթերքի, հիգիենայի պարագաների, խաղալիքների եւ հագուստի տեսքով, ինչպես նաեւ բռնի տեղահանված արցախցիների համար բնակարաններ են գտնում, հյուրանոցներում տեղեր:
Անաիս Սարդարյանը բավականին վրդովված պատմում է, որ վերջերս մի շատ ցավալի ու տհաճ դեպք է տեղի ունեցել: Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի 40 հասցեում գործող «Մաշտոց» հյուրանոցը մերժել է վճարովի հիմունքներով արցախցիներին ընդունել։ Ասել են, որ արցախցիները կարող են հյուրանոցի մահճակալները կոտրել։
«Տեղահանման հենց առաջին օրերն էին: Արցախից տեղահանված մի ընտանիք քնում էր ավտոմեքենայի մեջ: Մենք սննդամթերք տրամադրեցինք այդ ընտանիքին, երբ իմացանք, որ ավտոմեքենայի մեջ են քնում: Վարձով բնակարան որեւէ կերպ չգտանք, մեր կամավորական տղերքից մեկն իր գրպանից գումար տրամադրեց, որպեսզի այդ մարդկանց սենյակ տրամադրեն հյուրանոցներից մեկում, մինչեւ տան հարցը լուծենք:
Այս մարդիկ մեր կամավոր տղայի հետ գնում են «Մաշտոց» հյուրանոց, ներկայանում են, որ արցախցի են, տեղ չունեն քնելու, հյուրանոցի աշխատակիցը պնդում է, որ հինգ հոգիծնողները եւ երեք երեխաները, չեն կարող մի սենյակում քնել:
Հայրն ու որդին առաջարկում են՝ գոնե միայն մորն ու երկու աղջկան ընդունել հյուրանոցում, ասելով, որ իրենք կշարունակեն քնել ավտոմեքենայի մեջ, սակայն կրկին հյուրանոցի կողմից մերժում են ստանում: Ասել են ոչ:
Այդ մարդիկ կիսաուշաթափ վիճակում են եղել, անգամ նստելու տեղ չեն տվել մարդկանց, անգամ մի բաժակ ջուր չեն առաջարկել, ես հույս ունեմ, որ նման մարդկանց բիզնեսը մի գեղեցիկ օր կփակվի, ու այդ հյուրանոցի տերերը սոված-ծարավ կհայտնվեն արցախցիների կարգավիճակում»,- նշում է դերասանուհին:
Մենք դիմեցինք «Մաշտոց» հյուրանոց` հասկանալու համար, թե ինչու են արցախցիներին մերժել: Որքան էլ զարմանալի թվա, հյուրանոցից խրոխտ հայտարարեցին՝ այո, մերժել ենք։ «Իրենց ընդունել է մեր ադմինիստրատորը: Մահճակալները ջարդելու մասին, հա, ինքն ա ասել, չենք ժխտում, մեր սենյակը բրոնյա են արել երկու հոգու համար, փոքր սենյակ ա, շատ մարդկանց համար չկա հնարավորություն, բրոնյա են արել երկու հոգու համար, եկել են հինգ հոգով»,- ասաց հյուրանոցի մենեջեր Արմինե Գրիգորյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում