Mazda-ով վրաերթի են ենթարկվել անչափահաս տղան ու աղջիկը
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 11-ին, վարերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 52-ամյա Հովհաննես Ա.-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Շչերբինայի փողոցի 8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 9-ամյա Աշոտ Ն.-ին և 14-ամյա Մանե Ն.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը ՝օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վրաերթի մասին ոստիկանության Մուշի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։