Wildberries-ը փոխում է կանոնները. գնորդն այսուհետ կարող է հրաժարվել ցանկացած տեսակի գնված ապրանքից

Wildberries

Wildberries-ը փոխում է կանոնները. գնորդն այսուհետ կարող է հրաժարվել ցանկացած տեսակի գնված ապրանքից

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի անունից կազմակերպված ստուգման ընթացքում Wildberries առցանց խանութը փոխել է մոտ 20 դրույթ, որոնք կարգավորում են վաճառողների և գնորդների հարաբերությունները։

Փոփոխություններից մեկի համաձայն` գնորդն այլևս պարտավոր չէ ապրանքի որակն ստուգել ստանալու պահին։

Ապրանքի վերադարձի օր կսահմանվի դրանից հրաժարվելու պահը (գնորդը կարող է ապրանքը վերցնելուց հետո ստուգել դրա որակը և վերադարձնել, եթե այն սարքին չէ կամ թերություն ունի. խմբ.):

Բացի այդ, գնորդն այսուհետ կարող է հրաժարվել ցանկացած տեսակի գնված ապրանքից, այդ թվում` տեխնիկայից (նախկինում գնորդը չէր կարող վերադարձնել մի շարք ապրանքատեսակներ. խմբ.)։

«Ապրանքի առաքման ժամկետը կարող է երկարաձգվել միայն գնորդի հետ համաձայնեցման դեպքում։ Իսկ ապրանքի փոխարինման պահանջի քննարկման ժամկետը կրճատվել է»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ նոր կանոնների, գնորդը նաև կկարողանա անձնական հաշվի միջոցով չեղարկել իր պատվերը:

Բացի այդ, պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու դեպքում Wildberries-ի ծախսերի փոխհատուցումը կպահպանվի միայն ապրանքի հետգնման ցածր մասնաբաժնի, առաքման զգալի հեռավորության և ապրանքի առանձնահատկությունների դեպքում (եթե այն մեծ է, փխրուն և այլն):

«Wildberries»-ը միջազգային խոշոր առցանց հարթակ է, որը շուկայում գործում է արդեն 19 տարի: