Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիային
Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալակը Հայաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է Ղարաբաղի տարածքում հայկական պատմամշակութային հուշարձանների անհետացման սպառնալիքի հետ կապված ահազանգեր և կոչ արել ստեղծել դրանց պաշտպանության տարբեր մեխանիզմներ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, չկարողանալով թաքցնել գերատեսչության վերաբերմունքը ֆրանսիական կողմի նկատմամբ, մեկնաբանել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի այս հայտարարությունները՝ նշելով, թե ֆրանսիացի պաշտոնյայի այցը և Ղարաբաղի տարածքում մշակութային ժառանգության մասին հայտարարությունները իբր ֆրանսիական կողմի «հերթական թուլության և կողմնակալության» օրինակ են։
«Ադրբեջանը քաջ գիտակցում է իր տարածքում գտնվող բոլոր մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանության կարևորությունը և մասնավորապես իր պարտավորությունները։
Ֆրանսիան բարոյական իրավունք չունի նման պահանջներ ներկայացնելու որպես երկիր, որը բռնագրավել է այլ ժողովուրդներին պատկանող պատմամշակութային գույքը։
Հայտարարությունները, որ մշակութային և պատմական հուշարձանները վտանգի տակ են գտնվում, անհիմն են, ինչը հաստատել են տարածաշրջանում ՄԱԿ-ի երկու առաքելությունները», հայտարարել է Հաջիզադեն՝ մոռանալով, սակայն, որ ՄԱԿ-ի նշյալ առաքելությունները անգամ ԼՂ են այցելել արդեն ամբողջական բռնի հայաթափումից հետո, չեն այցելել պատմամշակութային վայրեր, չեն ուսումնասիրել կոթողները, այլ տվել են ընդհանրական ու կողմնակալ կարծիք, գրում է Armtimes-ը։