Այս տողերը Վազգեն Սարգսյանը գրել է 1999 թվականի հոկտեմբերին

Այս տողերը Վազգեն Սարգսյանը գրել է 1999 թվականի հոկտեմբերին

Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ:

Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է:

Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քո վրա:

Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ:

Քանի բանալի կար կախված 1915 թվից: Քանիսը կորավ: Քանիսը մնաց:

Իսկ դռները՝ բաց… Տանը հայ չկա:

Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ՝ համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թ. առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը:

Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին:

Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ:

Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես:

Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա:

Ոչինչ, բայց թող դա արագ անցի: Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: