Անահիտ Ավանեսյանը զայրացած է. ընկերուհին՝ վատ խորհրդատու
Hraparak.am-ը գրում է. Առողջապահության նախարարությունում արշալույսները խաղաղ չեն: Պարզվում է՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խնդիրներ ունի իր թիմակիցների հետ։
Մեր տեղեկություններով, այնքան էլ լավ չեն նախարարի ու նրա երբեմնի մտերիմ ընկերուհու՝ նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդուհի Գրիգորյանի հարաբերությունները։
Ավանեսյանը սկսել է չվստահել Վարդուհի Գրիգորյանին՝ մեղադրելով նրան գերատեսչության անհաջողություններում, մասնավորապես դատարաններում կրած վերջին աղմկահարույց պարտությունների համար։
Բանն այն է, որ առողջապահության նախարարությունում վերջին ազատումների հարցում Ավանեսյանի գլխավոր խորհրդատուն Վարդուհի Գրիգորյանն է եղել։
Մասնավորապես ԱՆ պետական առողջապահական գործակալության պետին ու Թոքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատելու գործընթացները կազմակերպել է հենց Գրիգորյանը։
Ավանեսյանի ու Գրիգորյանի մտերմությունն, ի դեպ, սկսվել է վաղուց՝ մինչև Ավանեսյանի նախարար նշանակվելը, այն ժամանակից, երբ Անահիտ Ավանեսյանը տնօրեն է աշխատել իր մայրիկին պատկանող «Արֆարմացիա» դեղագործական ընկերությունում, իսկ Վարդուհի Գրիգորյանն աշխատել է նախարարության դեղերի վարչությունում։
2018 թվականին դեղերի ոլորտը համակարգող փոխնախարար նշանակվելուց հետո Ավանեսյանի ու Գրիգորյանի մտերմությունն ավելի է սերտացել։