Ապրեսյանների ընտանիքի դառնությունը. երանի են տալիս, որ Դավթի ու Հայկի գերեզմաններին այցելելու շանս ունենան

Ապրեսյանների ընտանիքն ամեն օր երանի է տալիս, որ Արցախ տանող ճանապարհը բացվի, գոնե Դավթի ու Հայկի գերեզմաններին այցելելու հնարավորություն ունենան։ Արցախի ազատության ու խաղաղության համար մղված մարտերում, Ապրեսյանները թանկ են վճարել։ 2020 թվականի 44-օրյա և 2023-ի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ անմահացան 1 տնից՝ երկու հարազատ եղբայր։ 

Նրանց քույրը՝ Գայանե Սաֆարյանը MediaHub-ի հետ զրույցում պատմեց ընտանիքի գլխով անցածը, շնորհակալ լինելով Աստծուն, որ իրեն ստեղծել է հենց Դավթի ու Հայկի քույրը լինելու համար։ 

«Մեկը մեկից լավ, բարի ու կենսուրախ տղաներ էին։ Որախ եմ, որ վայելել եմ նրանց ներկայությունն իմ կյանքում, ճաշակել իմաստնությունը,  զգացել հոգատարությունը։ Եղբայրներիս հետ անհաղթահարելի ոչինչ չի եղել։ Ի՞նչ ասեմ, նրանք բոլորիս  օրհնությունն էին»,- ասում է Գայանեն: 

Ի տարբերություն Հայկի, Դավիթը զինծառայող չէր, սակայն, կամավոր սկզբունքով մասնակցել է 2016 և 2020 թվականների պատերազմներին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Դավիթն առաջիններից մեկն էր, որ մեկնեց հարավային ուղղություն։ Սակայն, պատերազմի 3-րդ օրը նա անմահացավ Ֆիզուլու շրջանում՝ մարտական առաջադրանքներ կատարելիս։ Ունի 2 երեխա։ Դավթին հուղարկավորել են ընտանեկան գերեզմանոցում՝ մոր կողքին։ 

35-ամյա փոխգնդապետ Հայկ Ապրեսյանը, չնայած իր երիտասարդ տարիքին ու բանակում զբաղեցրած պաշտոնին, կնոջ՝ Գայանե Ապրեսյանի խոսքով չափազանց ընկերասեր ու մարդամոտ տղա էր։ «Օրերով հնարավոր է տուն չգար, ես արդեն հարմարվել էի, առաքելություն էր սպայի կին լինելը։

Իսկ երբ վերադառնում էր, այնպես էր անում, որ իր ներկայությամբ ամենասովորական օրը դառնում էր ամենաուրախը։ Թեթև բնավորություն ուներ, ժպիտը միշտ դեմքին էր։ Տանը ծառայությունից չէր խոսում Հայկը, փոխարենը, հետախույզին հատուկ տրամաբանությամբ, նրա հաշվարկները միշտ ճիշտ էին»,- ասում է Գայանեն։ 

Հայկի մասին խոսելը կնոջ համար որքան հաճելի, նույնքան և դժվար է, եվ հետո ասում է «Մի քանի նախադասությամբ դժվար է նկարագրել նրան։ Մարդ էր, որ սիրում էր բոլորին, հայրենիքը յուրովի էր սիրում՝ մարդկանց յուրովի, եվ այդ սերը նա ցույց էր տալիս»։

Հայկին հաղթելը հեշտ չէր։ Ծառայության մեջ գերազանց էր, ճարպիկ, աչքի էր ընկնում իր խիզախությամբ ու հնարամտությամբ։ Սովորել է արտասահմանյան երկու ռազմական ակադեմիայում։

Նախքան սեպտեմբերյան վերջին իրադարձությունները, նա մասնակցել է 2014 թվականի օգոստոսյան մարտական գործողություններին, 2016 թվականի ապրիլյան պատերազմին։ 44-օրյա պատերազմի ժամանակ նա սովորում էր Մոսկվայի համակցված սպառազինության ակադեմիայում։ Վերադարձել է հայրենիք և 2 օր անց՝ արդեն մարտական առաջադրանք էր կատարում։

Զինադադարից հետո նորից մեկնել է Մոսկվա՝ շարունակել ուսումը։ Վերադարձել ու ծառայությունը շարունակել է կենտրոնական շտաբում։ 2022-ի սեպտեմբերի 25-ին Հայկն ու Գայանեն ամուսնացել են Ստեփանակերտում։ «Դա իմ կյանքի ամենաերջանիկ 1 տարին էր, որ ապրեցի Հայկի հետ։ Երեխա չհասցրեցինք ունենալ, հակառակ նրա, որ Հայկը երեխայասեր էր։ Փոխարենը ես ունեցա Հայկին ու նրա մասին անցյալով երբեք չեմ խոսում»։ 

Հայկը զոհվել է սեպտեմբերի 19-ի երեկոյան, երբ  թշնամու օդուժի հարվածներով թիրախավորել էր ՊԲ ստորաբաժանումներից մեկը, որտեղ և գտնվում էր Հայկ Ապրեսյանը։  Սեպտեմբերի 21-ին Հայկը հուղարկավորվեց մոր ու եղբոր կողքին։ Այդ օրերին թշնամական խմբերը Ստեփանակերտի մատույցներում էին, քաղաքային գերեզմանատնից ոչ հեռու։ Նրա հուղարկավորմանը չմասնակցեցին, ո՛չ կինը, ո՛չ քույրը և հարազատների մեծ մասը, «վտանգավոր էր, կանանց չթույլատրեցին»։ 

Ապրեսյանների ընտանիքը Դավթի ու Հայկի հիշատակին մոմ են վառում եկեղեցում, ծաղիկներ տանում Եռաբլուրում ննջող նրանց ընկերներին, դրանով փարատվում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում