Արմավիրի մարզի գյուղերից մեկում՝ տան նկուղում հայտնաբերվել է 34-ամյա տանտիրոջ մարմինը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցեն են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վաղինակ Գևորգյանը։
Տեղում ոստիկանները պարզել են, որ նշված գյուղի բնակիչ 34-ամյա Խ. Կ.-ն իրենց տանը՝ նկուղում, հակի պարանով կախվելու եղանակով ինքնասպան է եղել։
Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։