Գագիկ Ոսկանյանը Ադրբեջանում դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այսօր Սաբունչիի շրջանային դատարանում Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ տեղի ունեցած դատավարության ժամանակ հայտարարվել է դատական հետաքննության ավարտի մասին։
Ոսկանյանը մեղադրվում է օգոստոսի 16-ին «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձի» համար։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։ Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:
ՊՆ-ն հերքել էր այն հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել։