Գայանեն կորցրել է ամուսնուն ու եղբորը. Վերջինս սեպտեմբերի 27-ին դիրքերից պետք է իջներ ու ամուսնանար

Գայանեն կորցրել է ամուսնուն ու եղբորը. Վերջինս սեպտեմբերի 27-ին դիրքերից պետք է իջներ ու ամուսնանար

«Փաստինֆո»-ն գրում է․ Արցախից բռնի տեղահանված Գայանեն վերջին պատերազմում 26-ամյա ամուսնուն ու 23-ամյա եղբորն է կորցրել։ Գայանեի ամուսինը՝ Սասուն Ասրյանը, հրետանավոր էր, կապիտան, շուտով պիտի մայորի կոչում ստանար։

«Հաթերքի զորամասում էր ծառայում։ Ջրականից է սկսել ծառայությունը՝ 2018 թվականին։ 44-օրյա պատերազմից առաջ տեղափոխվել էր Վարանդա, էնտեղից Սրխավենդ․․․

Վերջում Հաթերքում էր, բայց արդեն պիտի Մարտակերտ տեղափոխվեր՝ հրետանու շտաբի պետ էին նշանակել, հրամանը կար։ Չհասցրեց․․․»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Գայանեն։

Իր մասին խոսել Սասունը չէր սիրում․ 44-օրյայում գլխով անցածների մասին շատ քիչ բան գիտեն հարազատները։ Գայանեն երկու բան է շատ լավ հիշում՝ Սասունի պաշարման մեջ ընկնելն ու պատերազմի ժամանակ կամավորների՝ դիրքը լքելու պատճառով նրա ունեցած հիասթափությունը․․․

«Ինքը զինվորական էր՝ հոգով, մտքով, էությամբ․․․ Երբեք չէր սխալվում հրետանու հաշվարկներում, այնքան ճշգրիտ էր անում, որ թշնամին դա չկարողացավ մարսել․․․ Ինքնաթիռը, որը ռումբ գցեց իրենց դիտակետի վրա, համոզված եմ՝ իր հետևից էր ուղարկված։

Ոչ բոլորն են կարողանում 4-5 տարում մայորի կոչման հասնել, ինքը հասել էր, վաստակել էր․․․ 44-օրյայում ինչերի՜ միջով անցավ, ու հրաշքով ողջ մնաց։

Քանի անգամ են զոհվածների ծնողներ զանգել ու անիծել՝ առանց իմանալու, որ իրենց հարազատը ոչ թե դիրքում, կռվի մեջ է զոհվել, այլ՝ փախչելիս․․․ Ոչ մի անգամ չէր ասում իրականությունը, չէր ասում, որ թողել, լքել են դիրքը՝ անգամ իրեն էլ ասել են՝ դու եթե ուզում ես մնալ ու մեռնել, մնա․ մենք գնում ենք, մեռնել չենք ուզում։

Զինկոմիսարիատով որ կանչում, ուղարկում էին Արցախ, նրանց թվում շատ կային նմանները․․․Քանի-քանիսին հենց փախուստի ճանապարհին են խփել թշնամու անօդաչուները․․․ Ոչ մի անգամ էդ ծնողներին չէր մեղադրում, ասում էր՝ որդի են կորցրել, ինչ էլ ասեմ իրենց համար միևնույն է․․․

Հիշում եմ՝ շրջափակման մեջ էր Սասունը, որ զանգեցի ու ասացի՝ հայրիկ ես դառնալու․․․ Ու որ շրջափակումից դուրս եկավ՝ ասաց՝ երևի հայրանալու լուրն էր, որ ուժ տվեց, կարողացա դուրս գալ․․․ Այս անգամ բախտը չբերեց»-ասում է Գայանեն։
Պատերազմ լինելու հավանականության մասին Սասունը հաճախ էր ասում։ Կինը հիշում է՝ վերջին երեք-չորս ամիսներին դիրքեր մեկնելուց առաջ գրեթե ամեն անգամ իր հետ զրուցում էր էդ թեմայով․

«Ասում էր՝ամեն ինչ կարող է պատահել, դու պիտի ուժեղ լինես, չկոտրվես, լաց չլինես, երեխան քո հույսին է․․․ Կարծես ինձ նախապատրաստեր․․․ Նաև ասում էր՝ ամեն ինչ կանես այնպես՝ ինչպես ճիշտ կգտնես, ինչպես ես կանեի․․․ Հիմա փորձում եմ էդպես լինել»․․․

Սասունն ու Գայանեն որդի ունեն՝ 2,5 տարեկան Արամեն։ Պատերազմից երեք օր առաջ Սասունը զանգել է կնոջն ու ասել, որ երեխայի շորերը պատրաստ պահի, ինչ-որ բան լինելու դեպքում էլ անմիջապես նկուղ իջնեն․

«Շատ էր ասում, որ մի բան լինելու է։ Ասում էր՝ չգիտեմ անունն ինչ կդնեն, բաց կռիվ է լինելու․․․ Ինձ էլ որ զանգեց ասաց շորերը հավաքի երեխայի, որպեսզի անհրաժեշտության դեպքում իջնեք նկուղ, նաև շեշտեց, որ զգոն լինեմ, որ հանկարծ չքնեմ, պարբերաբար կապի մեջ լինեմ, շուրջ կատարվողից տեղյակ լինեմ»։

Պատերազմի օրը՝ սեպտեմբերի 19-ին, Գայանեն Սասունի հետ 13։50 վերջին անգամ խոսել է․ հարցին, թե ինչ են ասում, ինչ է լինելու, պատասխանել է՝ սպասողական վիճակ է, մենք էլ չգիտենք։

Սասունի հետ վերջին անգամ հորեղբոր տղան՝ Վահեն է խոսել։ Խնդրել էր պարբերաբար տեղեկություն հաղորդել ընտանիքից։ Վահեի հերթական զանգին արդեն Սասունի փոխարեն ուրիշն է պատասխանել․․․

«Ամսի 20-ին է զոհվել, ամենայն հավանականությամբ՝ իրենց դիտակետը ռմբակոծել են հրադադարից մեկ ժամ առաջ՝ ժամը 12-ի կողմերը։ Ես մինչև վերջ գիտեի, թե «Եղնիկներ»-ում է, քանի որ հիմնականում էնտեղի դիրքեր էին բարձրանում իրենք, բայց, փաստորեն, պատերազմը որ սկսվել է, տեղափոխել են Մաղավուզ, այդտեղ էլ զոհվել է․․․»,-հուզմունքը զսպելով՝ պատմում է կինը։

Ամուսնուց բացի, նաև միակ եղբորն է կորցրել Գայանեն։ Մասիս Միքայելյանը պայմանագրային զինծառայող էր։ Նա նույնպես 44-օրյա պատերազմի ժամանակ մինչև վերջին օրը եղել է մարտի դաշտում։


«2020թ․ հուլիսին էր ավարտել ծառայությունը, բայց պատերազմը որ սկսվեց, կամավոր գնաց։ Միշտ ասում էր՝ որտեղ ու երբ պատերազմ լինի, գնալու եմ՝ անկախ նրանից, բանակում կլինեմ, թե չէ։ Հիշում եմ՝ անցած տարի սեպտեմբերին որ հարձակվեցին Հայաստանի վրա, Մասիսը մեր տանն էր, ասաց՝ երանի պատերազմը մենակ էնտեղ լիներ, որտեղ մենք ենք, կամ էլ մենք կարողանայինք գնալ ու կռվել․․․»,-պատմում է Արցախից բռնի տեղահանված Գայանեն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում