Գյումրիում գործող «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում` 2-ամյա տղա է մահացել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը՝ ժամը 19:10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Թամանյան փողոցում գործող «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում երեխա է մահացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոն են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը և ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն կենտրոնում բնակվող 2-ամյա տղա է։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։