Գնացին վառելիքի հետևից՝ վառվեցին․ 4 զոհ մեկ ընտանիքում
Վիկտորյան իր սիրելիի՝ Արտաշ Սարգսյանի հետ ամուսնացել է 2021 թվականին։ Վերջինս զինվորական էր։ Փոքր ընտանիքը մեծ երջանկություն ապրեց հատկապես առաջնեկի՝ Մելորայի ծնունդով։
MediaHub-ին Վիկտորիան պատմում է, որ մտքով անգամ չէր անցնի, որ շատ չանցած՝ անցյալով է խոսելու իր ընտանիքի երջանիկ օրերի մասին։
Որ Արցախում պատերազմի հավանականության ռիսկը մեծ էր, ինքն էլ գիտակցում էր, իսկ զինվորական ամուսինը վերջին անգամ դիրք բարձրանալիս մոտավորապես գիտեր՝ ինչ է սպասվում։
«Սեպտեմբերի 15-ին Արտաշի հերթափոխի օրն էր։ Ասաց՝ «Վիկա, հավաքիր փաստաթղթերը, երեխայի տաք շորերն ու անհրաժեշտ իրերը, սիրտս զգում է, որ բարձրանամ դիրքեր, կռիվ է սկսվելու, թշնամու կողմից կուտակումները շատ են։ Երբ սկսվի պատերազմը, պատրաստի իրերը կվերցնես ու կիջնես նկուղ»։
Ես ուշադրություն չեմ դարձրել… Սեպտեմբերի 19-ին Արտաշը Մարտակերտի դիրքերում էր, տեսազանգով խոսելիս գոռաց՝ «անջատիր կապը», ու լսեցի ուժեղ պայթյունի ձայնը։
Ես մտածեցի, թե կորցրեցի նրան։ Հետո այդ պայթյունի ձայները հասան Ստեփանակերտ ու ամենուր»,- հիշում է Վիկտորիան։
Հետո կապն Արցախում ընդհատվել է ամբողջությամբ, քանի որ ադրբեջանական զինուժը ռազմագործողությունների առաջին րոպեներին ոչնչացրել է հեռահաղորդակցության աշտարակները։ 2 օր անց Արտաշը տուն է եկել։
«Գրկեցի, ուրախությունից լաց եղա, ասացի՝ «էս անգամ էլ փրկվեցիր, բայց քեզ կորցնելու վախ ունեմ», ասաց՝ «ես ձեզ մենակ չեմ թողնի»»,- պատմում է կինը։
Վիկտորիան իր մեծ ու համերաշխ ընտանիքի հետ հավաքել է անհրաժեշտ իրերը, պայմանավորվել՝ տեղահանությունից հետո որտեղ են ապաստանելու, ինչով են զբաղվելու։ Բայց, շատերի պես Սարգսյանների ընտանիքը ևս վառելիք չուներ։
«Ստիպված Արտաշը, հայրը՝ Գրիշան, եղբայրը՝ Արկադին և իմ հայրը՝ Վիտալի Աբրահամյանը, ամբողջ քաղաքում վառելիք էին փնտրում։ Սկեսրայրս անգամ ասել է՝ «տղերք, մինչև բենզին չգտնենք, տուն գնալ չկա»։ Սեպտեմբերի 25-ին հազիվ կապ եմ հաստատել Արտաշի հետ, կցկտուր խոսել, ձայնը լսել, հասկացել եմ, որ վառելիք արդեն գտել են․ դա մեր վերջին խոսակցությունն էր։ Կես ժամ անց տեղի ունեցավ վառելիքի պահեստի դեպքը։ Հեռվից բարձրացող սև, թանձր ծուխը տեսել ու չեմ հասկացել, որ այդտեղ իմ հարազատներն են մոխրանում»….
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում