Գոլդ համարանիշներով մեքենայի կին վարորդն ընկերների հետ ծեծել է բենզալցակայանի աշխատողներին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 9-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու վրա գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց ահազանգ էլ ստացվում է «Դիլիջան» բժշկական կենտրոնից և հայտնում են, որ իրենց մոտ նշված հասցեից բուժօգնության են տեղափոխել մի քաղաքացի։
Դեպքի վայր են մեկնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Պարզվել է, որ ՊԾ Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկ Ասատրյանը, կրտսեր պարեկ Էլլարյանի հետ ծառայություն կատարելու ժամանակ, նկատել են, որ Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղու 14 հասցեում գործող գազալցակայանի սպասասրահի մոտ շուրջ 10 անձանց միջև տեղի է ունենում ծեծկռտուք, ովքեր միմյանց հասցեին հնչեցնում են սեռական բնույթի հայհոյանքներ։
Այդ ընթացքում պարեկները փորձում են բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին, որոնցից Երևանի բնակիչ 29-ամյա Վիլեն Գ․-ին տեղափոխում են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները պարզվել են, որ Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Մարինե Շ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի «77 ,, 777» համարանիշի ավտոմեքենայով իր ընկերների, Երևանի բնակիչներ 34-ամյա Նիկոլայ Պ․-ի, 24-ամյա Մարիաննա Խ․-ի և Վիլեն Գ․-ի հետ խանութից օգտվելու նպատակով մոտեցել են հիշյալ գազալցակայան, որտեղ վերջիններիս և գազալցակայանի աշխատակիցների միջև վիճաբանություն է ծագել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մարինե Շ․-ն, ուղևորներ Նիկոլայ Պ․-ն, Մարիաննա Խ.-ն և Վիլեն Գ․-ն գտնվել են ոչ սթափ վիճակում:
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: