Երևանում բարձրությունից ընկած ու մահացած 29-ամյա տղան ահուսարսափ էր ադրբեջանցիների համար․ նա մասնակցել էր Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում տեղի է ունեցել գյուղի 29-ամյա բնակիչ Անդրանիկ Հարթենյանի հոգեհանգիստը։
Ներկա էին ոչ միայն հարազատներն ու համագյուղացիները, այլև նրա մարտական ընկերները։
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․ «2 օր է ողջ գյուղը շոկի մեջ է։ Չենք համակերպվում այն մտքի հետ, որ նա լինելով այդքան երիտասարդ, մեր գյուղի ամենահարգված անձանցից էր, ով լինելով այդքան ջահել, հակառակորդի համար ահ ու սարսափ էր ներկայացնում։
Ապրիլյան քառօրյա ու Արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից էր։ Իր զինակից ընկերների հետ վերջին ժամանակներս անառիկ էին պահում պոստերը, որտեղ ծառայում էր։ Վերադարձել էր հանգստի ու հորը օգնելու համար գնացել էր Երևան, հոր հետ աշխատում էր ինչ-որ շինարարությունում, որտեղ էլ վերամբարձ կռունկի կատարած անզգույշ հարվածից 16-րդ հարկի տանիքից ցած է ընկել և տեղում մահացել։
Հայրն էլ է ականատես եղել այդ ողբերգական դեպքին։ Չգիտենք՝ ինչ ասենք, ողջ գյուղի համար ծանր վիշտ ա․ թե՛ որպես երիտասարդ, թե՛ որպես ընկեր, չենք ուզում հավատանք, որ նա այլևս մեզ հետ չէ»։
Նշենք, որ սեպտեմբերի 22-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում: Ժամը 12:15-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների 14 բուժբրիգադի խումբը կանչով մեկնել է Վրացական փողոց 21 հասցեի հարևանությամբ գտնվող շինհրապարակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: