Կենդանի եմ Աստծո շնորհիվ. Սուրբ Գրիգոր Լուսավորչի խոսքը
«Կենդանի եմ Աստծո շնորհիվ»
Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայրը Անակ Պարթև իշխանն էր։ Նա մեծացել և կրթվել էր Կեսարիայում՝ դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա, քանի որ Կեսարիան համարվում էր ժամանակի քրիստոնեական կենտրոններից մեկը: Սուրբ Գրիգորը 22 տարեկանում ամուսնացել էր Մարիամ անունով մի աղջկա հետ, ունեցել երկու զավակ՝ Արիստակես և Վրթանես, սակայն ավելի ուշ, իր կնոջ համահաճությամբ, թողել է ընտանեկան կյանքը՝ հանուն քրիստոնեության քարոզչության։
Հետագայում, երբ դարձավ Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը, կրկին հավատարիմ էր մնում իր դավանանքին: Տրդատն էլ, իր հերթին, հավատարիմ ու պաշտպան էր իր նախնիների աստվածներին և թշնամի էր քրիստոնեության: Սակայն մի հաղթանակից հետո, Անահիտ աստվածուհու մեհյանում կազմակերպված խնջույքի ժամանակ հասկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաև իր հորը սպանած Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը:
Տրդատը հրամայել էր, որ Գրիգորն էլ հաղթանակի պսակ նվիրի Անահիտ աստվածուհուն, սակայն վերջինս մերժել էր կատարել արքայի հրամանը։ Տրդատն էլ, տեսնելով այս ամենը, շարունակեց պարտադրել իր հրամանը նախ հորդորներով, խնդրանքներով, ապա տանջանք ու տառապանք պատճառելով։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը վիրապում մնաց 13 տարի։ Այդ 13 տարիները սարսափելի էին։ Նա ենթարկվում էր բազում չարչարանքների, վիրապում մնում օձերի, սողունների հետ, սակայն զգալով Աստծո ներկյայությունը՝ չէր հանձնվում։ Աստված էր, որ ուժ տվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչին, որ մնա մութ զնդանում և սպասի օրվան, երբ դուրս է գալու, դասվելու սրբերի շարքին և քարոզելու Լույսը։
Հենց այդպես էլ եղավ։ Վիրապից դուրս գալով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը սկսեց քարոզել քրիստոնեությունը և դարձավ Հայ Եկեղեցու առաջին հովվապետը։ Երբ նրան հանեցին խոր վիրապից, Սուրբն ասաց․ «Կենդանի եմ Աստծո շնորհիվ»։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ քրիստոնեական աշխարհում է հայտնի իր սխրանքով ու գործով, մութ վիրապում անցավ անմարդկային փորձություների միջով։ Սակայն անգամ այդ իրավիճակում նա չկորցրեց հավատքն Աստծո հանդեպ։
Ինքներս հարցնենք մեզ, թե որքան ամուր է մեր հավատը։ Արդյոք մենք էլ նույն կերպ կվարվեինք, թե՞ առաջին իսկ օրվանից կկորցնեինք հույսը Աստծո հանդեպ։ Լուսավորչին բաժին հասած չարչարանքները, որոնցով ցանկանում էին թուլացնել նրան, էլ ավելի զորացրին սրբի հոգին՝ դառնալով ոչ միայն քրիստոնեական լույսը կրող, այլ այդ լույսի աղբյուր։
Սուրբ Գրիգոր Լուսավարչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սրբի, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթքը
Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ բազում անօրենություններից, քանզի անարգեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկությունից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգետիս եւ հիմարիս, դարձրեցիր գիտությամբ լի անոթ, Քո շնորհն առատացավ իմ մեջ, հագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարավը, լուսավորեց իմ խավարած միտքը, թափառումներից հավաքեց իմ խորհուրդները եւ լցրեց իմ սիրտը:
Այժմ երկրպագում եւ աղաչում եմ՝ ծունկի գալով հայցում՝ վկայելով Քո բարերարության մասին. կատարի՛ր ինձ համար Քո շնորհի խոստումը եւ պահի՛ր այն Քո գանձի մեջ, որպեսզի դարձյալ տաս ինձ այն Օրը:
Մի՛ բարկանա ինձ վրա, Մարդասե՛ր, քանզի չեմ դիմանում Քո սպառնալիքներին: Ուստի թախանձելով աղաչում եմ, քանզի չափից առավել առատացավ շնորհն իմ մեջ, քանի որ լեզուս տկարացավ՝ չկարողանալով խոսել Քո շնորհի մասին: Սարսափեց նաեւ իմ միտքը՝ չտանելով նրա ալիքների բազմությունը:
Օրհնված Հորդ կերպարա՛նք եւ ճառագա՛յթ, դադարեցրո՛ւ դեպի ինձ եկող շնորհի հոսանքները, քանզի ինչպես բորբոքված հուր բոցակիզում են իմ երիկամներն ու սիրտը: Հետո այնտեղ դարձյալ պարգեւի՛ր ինձ այն եւ պահի՛ր ինձ Քո արքայության մեջ, մի՛ հիշիր իմ անօրենությունները, հանդգնում եմ հայցել՝ տո՛ւր ինձ իմ խնդրածները, եւ Հայտնության Օրն իմ օթեւանը թող օրհնվի Քո Հոր կողմից: Շնորհի՛ր ինձ, Քրիստո՛ս, իմ հայցվածերը, քանզի միայն Դու ես ինձ կյանք տվողը:
Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն: