Կինը, երեխային գրկած, սպառնում է նետվել կամրջից
Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջից մի կին երեխային գրկած սպառնում է ցած նետվելով՝ ինքնասպան լինել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՊԾ հոգեբանների խումբը և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երեխային գրկած կինը ասում էր, որ ինքը Արցախի Հանրապետության քաղաքացի է ու անարդարության զոհ է դարձել և այլևս չի ուզում ապրել։
Ի վերջո, բժիշկներին, փրկարարներին ու ոստիկաններին հաջողվեց քաղաքացիների հետ համոզել այդ կնոջը և նրան տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենա, բժիշկներն էլ տեղափոխեցին հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է կնոջ ինքնությունը։