Հայտնի երգիչների եկամուտը նվազել է․ Արամ MP3-ն Ամանորին մեկնելու է Միացյալ Նահանգներ` երգելու
Hraparak.am-ը գրում է․ «Վերջին տարիներին Հայաստանում փոխվել են ամանորյա ավանդույթները: Մարդիկ բացի ավանդական՝ միմյանց տուն հյուր գնալու սովորույթից, փորձում են Ամանորը նշել տնից դուրս` որևէ ռեստորանում, հանգստյան տանը և ազատվել եփել-թափելու ծանր հոգսերից:
Այս տարի, կարծես, իրավիճակն էլ փոքր ինչ այլ է` մարդիկ տխուր են, ընկճված եւ Նոր տարին էլ մի տեսակ իներցիայով են նշելու, ուստի նախկին տարիների աժիոտաժը չկա` ոչ խանութներում, ոչ ռեստորաններ ամրագրելու հարցում: Արցախը հանձնելու իրողությունը և մեր երկրի անորոշ ապագան անկեղծ ուրախանալու և Նոր տարի նշելու տրամադրություն չի թողել:
Մենք տեղեկացանք նաև, որ այս տարի երգիչ-երգչուհիներին էլ գրեթե չեն հրավիրել ամանորյա գիշերը տարբեր միջոցառումների երգելու, ինչպես ավանդաբար լինում էր նախորդ տարիներին: Իրավիճակն այնպիսին է, որ անգամ հայտնի երգիչների եկամուտն է նվազել եւ փող աշխատելու հնարավորությունները:
Տեղեկացանք, որ, օրինակ, երգիչ Արամ MP3-ն այս տարի որոշել է մեկնել Միացյալ Նահանգներ` Լոս Անջելեսում Ամանորին երգելու և փող աշխատելու համար: Նշենք, որ շոուբիզնեսի մյուս ներկայացուցիչներից ևս այս տարի տեղեկություններ ենք ստանում, որ գրեթե առաջարկներ չունեն, անգամ այն երգիչները, որոնք նախորդ տարիներին «ֆուլ» ռեժիմով աշխատել են Ամանորին ու անգամ Նոր տարին նշելու ժամանակ չեն ունեցել` մի ռեստորանից եւ միջոցառումից մյուսն են վազել, այս տարի պարապ են, կամ շատ քիչ առաջարկներ են ստացել:
Երգիչ Արամ MP3-ին մեզ հետ զրույցում հաստատեց լուրերը, որ Ամանորին մեկնելու է ԱՄՆ, սակայն նշեց, որ այդ որոշումը կայացրել է դեռ երեք ամիս առաջ.
«Ես երեք ամիս առաջ եմ այդ որոշումը կայացրել, դրանից հետո հրավեր չեմ ստացել Հայաստանից, քանի որ բոլորը գիտեն, որ այս տարի Ամանորին լինելու եմ Միացյալ նահանգներում», – նշում է երգիչը:
Իսկ որտե՞ղ եք երգելու ԱՄՆ-ում, հետաքրքրվեցինք մենք, մեր զրուցակիցը նշեց.
«Լոս Անջելեսում եմ երգելու, ռեստորանային համալիրում, որտեղ բնականաբար կա նաև համերգասրահ: Դե, այս տարի այդպես որոշվեց», – եզրափակեց երգիչ Արամ MP3-ն»: