Հայտնի է՝ ինչ սպառազինություն է Ֆրանսիան փոխանցելու Հայաստանին
Ֆրանսիան մտադիր է օգնել Հայաստանին՝ բարելավելու իր հակաօդային պաշտպանությունը՝ վաճառելով երեք ռադար և պայմանագիր կնքելով «Միստրալ» զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման վերաբերյալ։ Այս մասին գրում է Armtimes.com-ը։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն, փոխանցում է Reuters-ը։
«Երկինքը պաշտպանելը միանգամայն կարևոր բան է»,- Փարիզում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Լեկորնյուն։
Նախարարները պայմանագիր են ստորագրել «Thales»-ի արտադրության երեք GM 200 ռադարի վաճառքի մասին, որոնք Ֆրանսիան տրամադրել է նաև Ուկրաինային, ինչպես նաև՝ փոխըմբռնման հուշագիր ֆրանսիական «Միստրալ» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի ապագա մատակարարման վերաբերյալ։
Ֆրանսիան նաև կօգնի Հայաստանին վերապատրաստել ցամաքային պաշտպանության ուժերը և կաջակցի երկրի ջանքերին՝ բարեփոխելու և արդիականացնելու իր բանակը, ասել է Լեկորնուն։
Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն ու Փարիզը համաձայնագիր են ստորագրելու ռազմական մատակարարումների վերաբերյալ։