Մեծ թվով արցախցիներ ապրում են Հնաբերդի դպրոցի լքված շենքում․ տարրական պայմաններ չկան (Տեսանյութ)
News.am-ին Արցախից բռնի տեղահանված Զարիա Դանիելյանը պատմեց, որ լքված շենքում կենցաղային տարրական պայմաններ չկան․
«Բաղնիք չկա, այստեղ-այնտեղ, բարեկամների տանն ենք լողանում, երեխեքին էլ այնտեղ ենք լողացնում, որ դպրոց տանենք։
Սիրտդ վիրավոր, մի քիչ մտածում ես, ուզում ես խելագարվել։ Մենք մեր հալալ աշխատանքով ապրում էինք, այսօր եկել ենք այս մի կեղտոտ տեղը, չգիտես՝ ոնց անես»։
Տիկին Զարիան իր 6 հոգանոց ընտանիքի հետ Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 27-ին։
«Շատ ցուրտ ու խոնավ է, երեխեքը մրսում են, հիվանդանում են, հետո լավանում ու կրկին հիվանդանում են։
Ամեն ինչ թողեցինք, 40 տարի տունուտեղ ենք դրել, մանկություն, երազանք, հիշողություն, գերեզմաններ, ամեն ինչ թողեցինք ու եկանք։ Ամեն մեկս մի ձեռք շոր ենք վերցրել ու դուրս եկել»,- նշեց տիկին Զարիան։
Շենքում ապրող արցախցիները մտահոգված են, որ առաջիկայում ձմեռ է, սակայն վառելիք չունեն, իսկ մատչելի գնով վարձով բնակարան գտնելու հույսն արդեն կորցրել են։
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում