Մենք Հայաստանում ենք, ասեք, որ մեզ էլ չփնտրեն
Արցախից բռնի տեղահանության առաջին օրերին համացանցի հայկական տիրույթում հայտնվեց այս զույգի լուսանկարը, որի միջոցով վերջիններս որոնվում էին հարազատների կողմից։
Նշվում էր, որ Արթուրն ու Անժելիկան Մարտունու շրջանի Սոս գյուղից են, տարհանման ժամանակ կորել են, ու որևէ տեղեկություն չունեն։
Առ այսօր լուսանկարը շարունակվում է պտտվել մամուլում և հայ օգտատերերի էջերում։ MediaHub-ը կապ հաստատեց զույգի հետ և լսեց նրանց պատմությունը։
Արթուրը պատմում է, որ երբ Մարտունու շրջանը տարհանել են, մեծ դժվարություններով, ընդամենը 10 օրական երեխայի հետ իրենք հասել են Ստեփանակերտ, մնացել ծանոթի տանը, մինչև վառելիք կհայթայթեին ու կճանապարհվեին Հայաստան։ Այդ ընթացքում, շուրջ 3 օր կապի խնդրի պատճառով, հնարավոր չէր իմանալ Արթուրի ու Անժելիկայի տեղը։
Անցած ճանապարհի մասին չեն էլ ուզում պատմել: «Դաժան էր ու շատ դժվար նորածին երեխայի հետ, ամենաշատը երեխայի անվտանգության համար ենք անհանգստացել»,- ասում է երիտասարդ մայրը։
Արթուրն ու Անժելիկան միայն այստեղ են պարզել, որ լրատվական ու սոցիալական մեդիայում իրենք որոնվում են։
«Այդ օրերին իրավիճակը, գիտե՞ք, շատ խառն էր, քանի որ բնակչության մեծ մասը անտառներով է հասել Ստեփանակերտ, հարազատներն իրար կորցրել են, մի մասին չի հաջողվել փրկվել։ Մեր բարեկամներն էլ մեզ համար են անհանգստացել:
Դա էր պատճառը, որ մեզ էլ սկսեցին փնտրել։ Ու այդպես մեր լուսանկարը տարածվեց համացանցով։ Ուզում եմ, ասեք բոլորին, որ էլ չփնտրեն, մենք ողջ ենք ու գտնվում ենք Հայաստանում»,- ասում է Արթուրը։
Զույգն այժմ վարձակալական հիմունքներով ապրում է Երևանում, հիմնական աշխատանք դեռ չունեն։
Անժելիկան առայժմ տան պայմաններում դիմահարդարում է անում, իսկ Արթուրը՝ աշխատանք փնտրում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում