Մենք Տավուշից ոչ մի գյուղ չենք տալու․ Ինչ վիճակ է սահմանամերձ գյուղերում
Այն, ինչից շատերը վախենում էին, ինչի մասին Արցախի հանձնումից հետո խոսում էին դարձավ իրականություն. Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 4 գյուղ, իսկ ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ Տավուշի 4 գյուղերը Հայաստանի վարչական տարածքում չեն գտնվում։
Փաշինյանը իր ասուլիսի ժամանակ հայտարարել է․ «Ասում են ՀՀ-ն պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Մենք Տավուշից ոչ մի գյուղ չենք տալու։
Երբ Ադրբեջանը ներկայացնում է գյուղերի անուններ, ՀՀ-ում երբեք նման գյուղեր չեն եղել»։ Սա ոչ այլ ինչ է, քան մանիպուլյատիվ հայտարարություն է, որը միտված է քողարկել հերթական տարածքային զիջումները ու տարածքային կորուստները, որ տեղի կունենան Ադրբեջանի պահանջով:
Տավուշի մարզից դուրս, թշնամուն հանձնվող գյուղերի շարքում է նաև Տիգրանաշենը:
Փաշինյանի ասուլիսին ընդառաջ MediaHub-ը զրուցել էր Տիգրանաշենի գյուղապետ Լյուդվիգ Ստեփանյանի հետ, հասկանալու համար, թե ինչ տրամադրություններ են գյուղում, արդյոք բնակիչները հավաքում են ճամպրուկները, սակայն գյուղապետից ստացանք պատասխան, որ մարդիկ ապրում են սովորական իրենց օրակարգով։
Ասուլիսից ու Փաշինյանի հայտարարություններից հետո MediaHub-ը կրկին զրուցեց Տիգրանաշենի գյուղապետի հետ։
«Մարդիկ իրենց սովորական առօրյայով ապրում են, իրենք այս ամենը այնքան են լսել, որ դարձել է սովորական բան։ Ըստ երևույթի, օրինակ՝ եթե գա հասնի, որ պետք է արդեն հարցը լուծում ստանա, մարդիկ այդ վիճակին էլի հարմարված են»,-ասաց գյուղապետը։
Ճշտող հարցին՝ իսկ գյուղի բնակիչների հետ արդյոք քննարկել են, որ եթե գյուղը հանձնվի Ադրբեջանին, ինչպե՞ս են հետոն նրանք պատկերացնում, գյուղապետը պատասխանեց, որ ինքը այդպիսի բան իրեն թույլ չէր տա ասել.
«Սահմանամերձ տարածք է, ժողովուրդը 90-ականներից այս կողմ պատերազմի միջով էլ է անցել, նկուղներում էլ են եղել, մարդկանց մեջ հոգեբանական վիճակը ուրիշ ձև է, իրենց համար այս ամենը սովորական է»,- ասաց Ստեփանյանը։
Ի դեպ, Լյուդվիգ Ստեփանյանը նաև հարակից Պարույր Սևակ համայնքի գյուղապետն էլ է և այնտեղ էլ, հավաստիացրեց նա, մարդիկ իրենց առօրյա հոգսերով են, խուճապային տրամադրություններ չկան, որ հնարավոր է մի օր արթնանան թշնամու անմիջական հարևանությամբ…