Նոր մանրամասներ՝ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքից. մեղադրանք է առաջադրվել ռաֆտինգի տնօրենին
Շարունակվում է Դեբեդ գետում լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ տուժողի մահվան պատճառը:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, այդ թվում նաև նշանակված փորձաքննության ստացված եզրակացությամբ, որ ռաֆտինգի ծառայությունների մատուցմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, հանդիսանալով հրահանգավորումների անցկացման և մասնակիցների անվտանգությունն ապահովող պատասխանատու անձ, խախտել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի՝ 2016 թվականի նոյեմբերի 11֊ին թիվ 71-Լ հրամանով հաստատված ԳՕՍՏ 12.0.004-2015՝ «Աշխատանքի անվտանգության ուսուցում:
Ընդհանուր դրույթներ» միջպետական ստանդարտի համապատասխան պահանջները:
Մասնավորապես՝ Դեբեդ գետի վարարման ընթացքում գետի վրա կազմակերպել է ռաֆտինգի /գետով փչովի ռետինե նավակի նավարկում/ ծառայություն, որպես ռաֆտի թիմի անդամներ՝ ներգրավել է սիրողական անձնակազմ, սահմանված կարգով չի նշանակել պատասխանատու անձ՝ հրահանգիչ։
Արմինե Ճաղարյանին նավարկելուց առաջ ռաֆտինգի անվտանգության հրահանգների պահանջներին առնչվող հարցերով սահմանված կարգով գրավոր ուսուցում և հրահանգավորումներ չի անցկացրել, ռաֆտից օգտվելու հրահանգների պահանջների վերաբերյալ անվտանգության գծով գիտելիքների ստուգում և հրահանգավորում չի կատարել։
Դրա հետևանքով 2022թ. մայիսի 9-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Դեբեդ գետի Քոբայր-Սանահին կայարան հատվածի 3-րդ կիլոմետրում նավարկելու ընթացքում քարին հարվածելու հետևանքով փչովի ռետինե նավակը շրջվել է ու այնտեղ գտնվող Արմինե Ճաղարյանն ընկել է գետը:
Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ տուժողի մահվան պատճառ է հանդիսացել է շնչառական ուղիները հեղուկով փակվելու՝ ջրահեղձման հետևանքով մեխանիկական շնչահեղձությունը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՍՊ ըն-կերության տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Նախաքննությունը շարունակվում է: