Շրջափակման պայմաններում ամուսնացած Գոռը զոհվել է սեպտեմբերի 19-ին. Ուզում էր երեք երեխա ունենալ, անգամ անուններն էր որոշել
Pastinfo.am-ը գրում է․ Գոռի ու Անիի համատեղ կյանքը տևեց ընդամենը 5 ամիս․․․ Սեպտեմբերի 19-ին ավելի քան 3,5 ժամ կատաղի կռիվ տալով ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումների դեմ, Գոռը՝ մարտական ընկերների հետ, պահեց առաջնագիծը՝ հնարավորություն տալով Ճանկաթաղից տարհանել բնակչությանը։
«Ասում էր, որ շատ վտանգավոր դիրք է իրենցը, շրջափակելու հավանականությունը մեծ է, փաստորեն՝ ճիշտ էր երեխես․․․ 44 օր դիմացավ, ամենաթեժ կետերում կռվեց, բայց հրաշքով փրկվեց, էս անգամ չդիմացավ․․․ 44 օր շարունակ երբ զանգում էր, ասում էր՝ ես լավ եմ, հանգիստ եղեք, մենակ թե դուք լավ լինեք։
Հետո ենք իմացել, թե ինչ թեժ տեղերում է կռվել, ոնց է շրջափակումից դուրս եկել։ Հիմա էլ ասում էր, որ կուտակումներ կան․ բոլորս գիտեինք, որ լարված, բայց ինքը մեզ միշտ հանգստացնում էր»,-«Փաստինֆո»-ին պատմում է Գոռ Ղուկասյանի տատիկը՝ տիկին Մելսիդան։
Գոռը 21 տարեկան էր․ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ծառայության էր անցել ԱԱԾ զորքերում։ Անիի հետ 2023թ․ ապրիլի 21-ին էին ամուսնացել, բայց նրանց սերն ավելի քան վեց տարվա պատմություն ունի։
«2017թ․ մարտի 21-ից սկսեցինք հանդիպել։ Զուգահեռ դասարաններում էինք սովորում։ Եթե մի օր շուտ էի դուրս գալիս դասից, էլի մեր դասարանի դռան առաջ կանգնած էր լինում․․․ 2023 թվականի ապրիլի 21-ին՝ շրջափակման պայմաններում, ամուսնացանք։
Գանձասարում էինք ուզում պսակադրվել, բայց քանի որ վառելիք չկար, Ստեփանակերտի եկեղեցում պսակադրվեցինք․․․ Գոռս միշտ ասում էր՝ երկու երեխան քիչ է, առնվազն երեքը պիտի ունենանք․․ Անգամ անունններն էինք որոշել․․․»,-հուզմունքը կոկորդում խեղդելով պատմում է Անին։
Գոռի հետ վերջին անգամ կինն ամսի 19-ին՝ ժամը 13։00-ին է խոսել։ Հարավ գյուղից եկող լուրերը տագնապալի էին, ուզում էր հասկանալ՝ ինչ վիճակ է Գոռենց մոտ։
«Տելեգրամով գրեցի, որ Հարավի երեխաներին դպրոցից տուն են ուղարկել, մարդիկ նկուղներ են իջել։ Գրեց՝ տեղյակ եմ, դու գործի տե՞ղն ես, ասացի՝ հա․․․ Էդքանն էր։ 13։09 խփեցին, իջանք նկուղ, մի կերպ կապ գտա, գրեցի՝ մի բան գրի, որ իմանամ վիճակդ ոնց ա, բայց էլ տեղ չհասավ գրածս, ոչ էլ պատասխան ստացա։
Դրանից հետո բոլոր նամակներս անպատասխան մնացին․․ Բայց էլի ինձ հույս էի տալիս, որ գուցե հեռախոսն է մի տեղ գցել․․․»,-ասում է կինը։
Գոռի զոհվելու լուրը հաարզատները հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին են իմացել։ Հայրը փրկարար ծառայություն էր աշխատում։ Տիկին Մելսիդան պատմում է՝ տղաս ամեն օր ասում է՝ քանի-քանի տղաների ենք գտել ու մարմինները հանձնել ծնողներին, ո՞վ կմտածեր, որ ստիպված եմ լինելու իմ որդուն էլ փնտրել․․․
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում