Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 06:30-ի սահմաններում Ռիգայի և Սլավիկ Չիլոյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արման Դավթյանի վարած Toyota Camry մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Վլադմիրի Գալստյանի վարած Mazda 6 մակնիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Պավել Գասպարյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրարող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևորը, Երևանի բնակիչ 47-ամյա Քրիստինե Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի և գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արծրուն Բագրատյանը, Նարեկ Էլոյանը և կրտսեր պարեկներ Գոռ Ղազարյանն ու Տարոն Անտոնյանը, ովքեր սահմանազատել են տարածքը և երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել:
Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Արմ Կոնստրակտ» ընկերության աշխատակիցները, մինչև ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները վիրավորներց մեկին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանը, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:
Մինչ քննչական խումբը տեղում աշխատում էր, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ վիրավոր Քրիստինե Պ.-ն գիտակցության չգալով մահացել է:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Toyota-ի վարորդ Ա. Դավթյանը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: