Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. մահացածը Ազատ գյուղի զորանոցում հրդեհի հետևանքով զոհված զինվորներից մեկի հայրն էր
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի Սայաթ-Նովա-Միզամի գյուղերի խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե սյանը և մասամբ հայտնվել չգործող առվակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա. Բաբայանի որոշմամբ նշանակվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը Ազատ գյուղում՝ ՀՀ ՊՆ զորանոցում, այս տարվա հունվարի 19-ին տեղի ունեցած առեղծվածային հրդեհի հետևանքով մահացած զինվորներից մեկի հայրն էր և հնարավոր է ավտոմեքենան վարելիս սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: