«Սա անբուժելի ցավ ա, սա ուրիշ ցավ ա»․ պատերազմը Գարախանյանների ընտանիքի 3 անդամի կյանք է խլել
Factor.am-ը գրում է․ Հադրութցի զինվորական Կարեն Գարախանյանից պատերազմն ամենաթանկն է խլել․ 44-օրյայի ժամանակ գերեվարվել են հայրն ու եղբայրը։
Եղբայրը Բաքվի բանտում դաժանորեն սպանվել է, իսկ շուրջ երկու ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին, կորցրել է ավագ որդուն՝ Ալեքսանդրին կամ, ինչպես իրենք են ասում՝ Սաշկային։
46-ամյա թիկնեղ տղամարդը որդու մասին խոսելիս փորձում է թաքցնել արցունքները։ Ասում է՝ օրեր են լինում, չի կարողանում «Եռաբլուր»-ում որդուն մենակ թողնել։
21-ամյա Ալեքսանդրը պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո չի ցանկացել թողնել զինվորական կյանքը։ Սկզբում պայմանագրային զինծառայության է անցել զորամասերից մեկում, ապա՝ Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում։
Սեպտեմբերի 19-ի առավոտյան ժամը 10-ին են հայր ու որդի խոսել իրար հետ, հրաժեշտ տվել՝ պարզապես «առայժմ» ասելով միմյանց, չգուշակելով, որ դա լինելու է իրենց վերջին զրույցը։ Մեկ ամբողջ օր այդպես էլ չի հաջողվել կապ հաստատել որդու կամ նրա զորամասի հետ։
Մի կերպ բենզին հայթայթելով, ի վերջո, Կարենը հասել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղ և հանդիպել հրամանատարին։ Կարենի խոսքով՝ երկու օր անցկացրել է գյուղում՝ հուսահատ փորձելով բոլոր հնարավոր եղանակներով գտնել որդուն, սակայն ապարդյուն։
Երրորդ օրը հակառակորդը տարածքում զոհված զինծառայողների ցուցակ է տրամադրել հավաքվածներին։ Կարենը որդու անունն այնտեղ է գտել։ Որդու մարմինը գտնելու համար Կարենն ուղևորվում է արդեն գրեթե դատարկված Ստեփանակերտ։
Սեպտեմբերի 28-ն էր, մինչ բոլորը շտապում էին հեռանալ Արցախից՝ Կարենը դռնեդուռ ընկած որդու մարմինն էր փնտրում։ Կարմիր Խաչից նրան ուղղորդում են Գորիսում շարունակելու փնտրտուքը։ Գորիսում ևս արդյունքի չհասնելով՝ ընտանիքն արդեն սկսում է մարզերի և մայրաքաղաքի տարբեր դիահերձարաններ այցելել։
Անճանաչելի մի մարմին Մարտունիում են նմանեցնում Ալեքսանդրին։ Մոր խոսքով՝ չի հավատացել, որ որդու մարմինն է իր առաջ, ԴՆԹ անալիզ է հանձնել՝ նույնականացումը հերքելու համար։ Հոկտեմբերի 18-ի զանգը, ցավոք, հաստատել է՝ հայտնաբերված մարմինը Ալեքսանդր Գարախանյանինն է։
Ալեքսանդրի մարմինը հողին են հանձնել զոհվելուց ուղիղ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 19-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Մինչ տղայի զոհվելու մասին տեղեկության հաստատումը՝ Քրիստինեին փորձել են հուսադրել, թե հնարավոր է՝ որդին գերեվարվել է, սակայն մայրը չէր հավատացել այդ վարկածին։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում