«Սա արդեն Հայաստանի համար ճակատագրական է». Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները փորձում են ժողովրդին պատրաստել 8 գյուղերի հանձնմանը։
Ընդ որում, արդիական է նաեւ ռազմական գործողությունների միջոցով հանձնման սցենարը, եթե իշխանությունները համարեն, որ ժողովրդական ընդվզում է հնարավոր։
Դրանից խուսափելու հնարավորություն ունեն, ուստի պետք է հստակ եւ պարզ խոսեն ժողովրդի հետ։ Պետք է բացատրեն, թե ինչ ողբերգական հետեւանքների է հանգեցնելու 8 գյուղերի հանձնումը և հատկապես Տիգրանաշենը և Վերին Ոսկեպարը։ Եթե պատրաստվում են հանձնել, ապա ժողովուրդը ինքը պետք է որոշի` պատրաստ է, թե՞ ոչ հետագա հետևանքները կրելուն։
Իշխանությունները նաև պետք է պարզ հայտարարեն, որ եթե ժողովուրդը դեմ լինի, պատրաստ են հրաժարական ներկայացնել։
Սա արդեն Հայաստանի համար ճակատագրական է։ Արցախի օկուպացիայից հետո մասնատման վտանգի առաջ է կանգնում հենց Հայաստանը, որի հենց սրտում թշնամին սեփական ներկայություն հաստատելու հնարավորություն է ստանում։
Իշխանությունները արեւմտյան գործընկերներին, որոնք այս պահին հանդիսանում են հայ – ադրբեջանական կարգավորման գործընթացի միջնորդ-երաշխավորներ, պետք է հստակ ներկայացնեն այս գյուղերի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար և ամեն ինչ անեն, որպեսզի ձևավորվի կոնսենսուս «Արծվաշենը 8 գյուղերի դիմաց» պայմանավորվածություն ստանալու, ՀՀ-ից օկուպացված մյուս շրջանների դեօկուպացիայի համար։
Այս փուլում սա նվազագույնն է, որ պետք է կատարվի, իսկ ինչ վերաբերվում է այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքին», Հայաստանը ինքը իրանական այլընտրանքը պետք է դիտարկի որպես կատարված փաստ և հրապարակավ դրական դիրքորոշում հայտարարի Իրանի տարածքով ճանապարհի բացման պատրաստությունը։
Ցանկացած ձև` ռազմական գործողությունների միջոցով, թե այլ կերպ հայկական գյուղերի հանձնման պատրաստակամությունը պետք է առաջացնի ըմբոստություն և պետք է որակվի որպես պետական դավաճանություն։
*Հիշեցնեմ, որ Տիգրանաշենը գտնվում է դեպի հարավ, իսկ Վերին Ոսկեպարը դեպի հյուսիս տանող միջպետական ռազմավարական նշանակության ճանապարհներին, բացի այդ` թշնամին այս տարածքներում տեղակայելու է Հայաստանի ցանկացած շարժ, ցանկացած գործունեություն վերահսկելու միջոցներ, և իր ձեռքում է պահելու Հայաստանի տնտեսական զարկերակը։ Սա թույլ տալ չի կարելի, սա Հայաստանը կդարձնի թշնամու ձեռքում խամաճիկային տարածք, որը ինքնուրույն ոչինչ չի կարող որոշել, անգամ սեփական տարածքում ռազմական զորաշարժեր անելը կդառնա խիստ թիրախավորված թշնամու կողմից»։