Սնուփ Դոգի համերգը Երևանում կկայանա՞, թե՞ ոչ. պարզաբանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը
Armtimes.com-ը գրում է․ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներից հետո՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադարձավ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգին։
Նրա խոսքով՝ չի կարող ասել, թե երբ տեղի կունենա այն։
«Ես հիմա չեմ կարող կոնկրետ օր նշել, բայց ամեն ինչ արվում է, որ գա»,- ասաց նա:
Հարցին՝ կենսական անհրաժեշտությո՞ւն էր այդ համերգը կազմակերպել սոցիալական այս ծանր իրավիճակում, Խաչատրյանն արձագանքեց. «Ցանկացած միջոցառում, որ Կառավարությունը նախատեսել է անել, այո՛»:
Սնուփ Դոգի համերգը պետք է կայանար սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվեց։ ՀՀ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացրել նրա համերգը Երևանում կազմակերպելու համար։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ Սնուփ Դոգի գալիք համերգը, եթե տեղի ունենա, այն պետք է լինի բաց՝ բոլորի համար: