Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Չկալովկա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Samand», «ГАЗ 3110» (Вольга) և «Hino» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վիրավորներից 2-ին Սևանի փրկարարները դուրս են բերել «Samand»-ի միջից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա ու մինչ փրկարարները վիրավորներին դուրս էին բերում՝ բժիշկները ներսում նրանց առաջին բուժօգնություն էին ցուցաբերում։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և ավագ քննիչներ Նվեր Մկոյանի և Վարդան Թովմասյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։