Վրաերթ՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի արագաչափի մոտ. հետիոտնը տեղում մահացել է

Վրաերթ՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի արագաչափի մոտ. հետիոտնը տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 20:45-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ժամը 20:15-ին կանչով մեկնել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի արագաչափի մոտ, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:  

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 20:00-ի սահմաններում դեռևս անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքեանայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի աջակողմյան հատվածում կանգնած հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 37-ամյա Սիլվա Ա.-ն, որից հետո վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:  

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:  

Դեպքի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննիչը, ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ վրաերթը կատարել է Վայոց ձորի մարզի բնակիչ 68-ամյա Սերժիկ Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով:  

Պարեկները ճշտում են՝ որ ուղղությամբ է նա վրաերթից հետո մեկնել, ու կարճ ժամանակում տաք հետքերով նրան հայտնաբերում են, ապա մահվան ելքով վրաերթ կատարելու ու դեպքի վայրը լքելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում ու տեղափոխում են ոստիկանության Եղեգնաձորի  բաժին:

Հայտնաբերել են նաև ավտոմեքենայի առջևի հատվածն ու դիմապակին ամբողջությամբ վնասված «Mercedes»-ը, որը տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: