Տարեց կինը մնացել է լքված գյուղում․ ասում են՝ ողջ է, ապրում է միայնակ
2023 թվականի սեպտեմբերի 19-ից սկսած Արցախի Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր համայնքում կրած կորուստների կողքին ուրախությամբ նշում են նաև հրաշքով փրկվածների մասին։
MediaHub-ը զրուցեց համայնքի ղեկավար Հենրիկ Սարգսյանի հետ, ով տեղահանումից հետո գյուղում մնացած 4 տարեցների հարցով ամեն օր հանդիպումներ է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու միջազգային տարբեր կառույցների հետ։
«Սեպտեմբերի 19-ի գիշերը, որպես համայնքի պատասխանատու, տուն առ տուն այցելել ու հրահանգել եմ դուրս գալ, տարհանումը կազմակերպել է համայնքը՝ գյուղում մնացած երիտասարդների օգնությամբ։
Սակայն, 4 տարեց, այդ թվում՝ 1 կին, այդպես էլ չեն եկել՝ հակառակ մեր հորդորների։ Երբ գնացել ենք իրենց հետևից անգամ տանը չեն եղել։ Մյուս օրն արդեն անհնար էր գյուղի կողմ գնալ, որովհետև տարածքը ադրբեջանցիների վերահսկողության տակ էր»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարությունագոմերից տարհանվելուց հետո Հենրիկ Սարգսյանը դիմել է Արցախում Կարմիր խաչի առաքելությանը և ռուս խաղաղապահներին։ Հետո փրկարարները գյուղի տարածքում որոնողական աշխատանքներ են իրականացրել, այնտեղ մնացած մարդիկ, որոնք հոգեկան-առողջական խնդիրներ են ունեցել՝ չեն հայտնաբերվել։
Համայնքի ղեկավարը չի բացառում, որ նրանք թաքնվել են, դուրս չեն եկել։
«Երբ տեղափոխվել ենք Հայաստան, այստեղից հորդորել եմ Կարմիր խաչին, գնալ ու գտնել հայր ու որդի՝ Շուրա և Ահարոն Նարիմանյաններին, Անդորա Մկրտչյանին և Սամվել Աղամալյանին։ Միջազգային կազմակերպությունը մոտ մեկ ամիս առաջ այցելել է նրանց, գտել ու իրենց ցանկությամբ վերադարձրել Հայաստան։ Բայց, 74-ամյա Անդորան չի եկել»։
Հենրիկ Սարգսյանն ասաց, որ 2 շաբաթ առաջ տեղեկություն է իմացել, որ նա ողջ է, ապրում է լքված գյուղում միայնակ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում