«Տեսիլք ունեցա՝ երկնքի մեջ երկու դագաղ էր օրորվում»
Երկու հերոսների մայրիկ եմ՝ կապիտան Արթուր Աղասյանի և ժամկետային զինծառայող Արսեն Աղասյանի։ Այս մասին Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց Մարգարիտա Աղասյանը, ով բռնի տեղահանվել է օկուպացված Արցախի Հանրապետությունից։
Արթուրը ծնվել է 1997 թվականի ապրիլի 7-ին։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր։
«2016-ի մայիսին իրեն շնորհել են ավագ լեյտենանտի կոչում։ Քառօրյայի ժամանակ ինքն իր դիրքը պահել էր անառիկ։ Իրեն տվել են Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշան։ Ու այսպես էլ ինքը որոշեց, որ մնա ու ծառայի։ Ինքը շատ հայրենասեր տղա էր՝ հոգով, սրտով մարմնով։
Քառօրյա պատերազմի ժամանակ 7 ամսվա ծառայող էր, դիրքի ավագն էր։ Ինքը ինքնուրույն, առանց վերադասի, առանց հրամկազմի որոշել է, որ այդ դիրքը պետք է պահեն ու պատվով պահել են։ Կռվել են «Յաշմայի» դեմ։ 2016 թվականից մինչև 2020 թվականը Արթուրը մնացել է նույն դիրքում։ Ինքը շատ էր սիրում իր զինվորներին։ Հարցը գումարը չէր։

Ապրիլյանից հետո Արթուրն ասում էր՝ մամ, էդ դժոխքը մինչև հիմա աչքերիս առաջն է, թեկուզ թշնամու եմ սպանել, բայց միևնույնն է, մինչև հիմա դժոխքում եմ, ապրում եմ դրա մեջ»,-պատմեց մայրը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, տիկին Մարգարիտայի երեք որդիներն էլ դիրքերում էին։ Արթուրն ու Արսենը եղել են Մատաղիսում, իսկ միջնեկ որդին՝ «Մարտունի 2»-ում։
«Սեպտեմբերի 27-ին որդիներիցս զանգ չստացա, վերցրեցի աղջկաս, գնացին Ննգի գյուղ, որպեսզի պատսպարվենք ռումբերից, որովհետև Մարտունու վիճակն ահավոր էր, տարբեր ռումբերով կրակում էին»,-պատմում է մեր զրուցակիցը։
Որդիներից Արսենի հետ նա վերջին անգա խոսել է հոկտեմբերի 1-ին․ «Ընդամենը խնդրել եմ, որ ինքը ամեն օր զանգի ու վերջ։ Խոստացավ, ասաց՝ լավ մամ»։