Փոքրս շատ էր կապված հոր հետ, ասում է՝ որ գնանք տուն, պապան եկած կլինի՞… ․ 39-ամյա Գագիկը զոհվել է սեպտեմբերի 19-ին՝ Հարավի դիրքերում

39-ամյա Գագիկ Հակոբյանն Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու ժամանակ զոհված հայորդիներից է։

«Այդ օրը՝ ամսի 19-ին, Գագիկը տանն էր․ արձակուրդը նոր էր վերջացել, բայց մի քանի օր ավել վերցրել էր։ Որ սկսվեց պատերազմը, մեզ իջեցրեց նկուղ, բարձրացավ տուն, համազգեստը հագավ ու ասաց՝ գնամ, տեսնեմ ինչ է կատարվում․․․ Այդ գնալն էր, որ գնաց․ դրանից հետո ոչ զանգել է ստացվել, ոչ էլ գրածս հաղորդագրություններն են տեղ հասել․․․ Ամսի 24-ին իմացանք, որ զոհվել է»,- «Փաստինֆո»-ին պատմել է Գագիկի այրին՝ Վիլենան։

Գագիկի զոհվելու հանգամանքների մասին կինը շատ բան չգիտի, միայն տեղյակ է, որ չորս հոգով մարտ են վարել։ Ու երբ մյուս երեք հոգին, տեսնելով թշնամու՝ դեպի իրենց եկող մեծաքանակ հետևակը, նահանջել են, Գագիկը մնացել է դիրքում՝ զոհ դառնալով թշնամու դիպուկահարին։

Գագիկը Մարտունու շրջանի Սոս գյուղից էր, հորը կորցրել էր 1994 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ 2009 թվականից որոշում է ծառայության անցնել Արցախի Պաշտպանության բանակում, ավագ ենթասպա էր․․․

Վիլենայի հետ ամուսնանալուց հետո, նրանք տեղափոխվում են Շուշի։ Այնտեղ նորակազմ ընտանիքը բնակարան է ձեռք բերում, որտեղ հասցնում են ընդամենն ութ տարի ապրել։ 2020թ․ Շուշին կորցնելուց հետո Գագիկը որոշում է վերաբնակվել Ստեփանակերտում։

«Ստեփանակերտում վարձով էինք մնում։ Որ Գագիկը ծառայության էր լինում, ես՝ երեք երեխաներիս հետ, մենակ էի մնում։ Ամսի 19-ին էլի մենակ էինք։ Ճիշտն ասած՝ վախենում էի, երեխաներն էլ, բնականաբար, էդ պայթյունների ձայներից սարսափահար էին․․․ Չգիտեի ինչ անեմ․ մտածում էի՝ գնամ եղբորս տուն, բայց մեկ էլ վախենում էի հանկարծ Գագիկը գա ու մեզ չգտնի։ Ամսի 20-ին արդեն որոշեցի գնալ․ իրեն գրեցի, որ գնում եմ Հովիկենց մոտ, այնտեղ գա․․․ Ի՞նչ իմանայի, որ ոչ գրածս է տեսնելու, ոչ էլ ինքն է գալու․․․»,-ասել է այրին։

Գագիկի մարմինը զոհվելուց հինգ օր անց են գտնում ու ամսի 25-ին տեղափոխում Երևան։ Նույն օրը նաև Վիլենան է երեք անչափահաս տղաների հետ ավտոբուսով դուրս գալիս Արցախից։

Վիլենան Էջմիածնում է տուն վարձել․ ստացած աջակցության գումարներով է տան վարձն ու կոմունալ վճարումներն անում։ Որպես զոհվածի ընտանիք՝ որևէ ֆինանսական աջակցություն չեն ստանում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։