Լոռեցի քաջարի զինվորը․ մի զինվորի պատմություն

Լոռեցի քաջարի զինվորը․ մի զինվորի պատմություն

HH Press.am-ը գրում է․ Մի փոքրիկ գյուղ է հիշեցնում Վանաձորի Հալաբյան փողոցի թիվ 1 ծուռումուռ նրբանցքը, որտեղ ընդամենը 20-21 տուն կա: Այդ աննշան նրբանցքում է ապրում արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, Գարիկ Հարությունյան անուն-ազգանունով քաջարի մի զինվոր, ում սխրանքների մասին, որքան էլ զարմանալի է, հարեւաններն անգամ ոչինչ չեն լսել:

Եվ չէին էլ լսի: Մեր խաղաղ օրերին արդեն աշխատանքի լծված համեստ երիտասարդը աչքի ընկնել, մարտական սխրանքների համար պարգեւ ստացած «Արիության համար» մեդալը ցուցադրել չի սիրում: Գարիկին վիճակվեց ծառայել այն նույն գնդում, որտեղ 18 տարի առաջ ծառայել եւ զորացրվելուց օրեր առաջ ականի պայթյունից զոհվել էր սակրավոր հորեղբայր Գարիկը:

Նրա պատվին էին ծնողներն իրենց առաջնեկին Գարիկ անվանակոչել:  Պատերազմի առաջին իսկ ժամերին արդեն հրետանու գնդի կազմում նա եւս Ներքին Հոռաթաղում պաշտպանական դիրքեր գրավեց: Պնդակազմ երիտասարդ էր, մարզված, զբաղվել էր ձյուդո, թեթեւ աթլետիկա մարզաձեւերով, թեթեւ աթլետիկայից նվաճել էր ՀՀ պատանիների չեմպիոնի կոչումը. այդ ամենը, նաեւ զգոնությունը, մարտական տեխնիկային արագ տիրապետելու կարողությունը, մարտընկերների հետ ջերմ հարաբերությունները եւս հաշվի առնելով, հրամանատարությունը նրան վստահել էր մարտկոցի հրամանատարի տեղակալի պաշտոնը:

Բայց պատերազմի առաջին ժամերին նա էր հրամանատարը… հանգամանքների բերումով: Եվ Գարիկը պատմեց հայրենիքի եւս մեկ արի, պատրաստակամ զինվորի, հայրենասիրության լավագույն օրինակ հայորդու զարմանահրաշ արարքի մասին:

Մարտկոցի հրամանատար, գյումրեցի Ժորա Քթրյանը, ով թույլտվություն էր ստացել բացակայելու ընտրյալ աղջկա հետ նշանադրության համար, պատերազմի լուրն առնելուն պես՝ սեփական ավտոմեքենայով Գյումրուց հրատապ, ժամեր անց,  հասնում է դիրքեր եւ կեսօրից արդեն ստանձնում մարտի ղեկավարությունը:

Այդ հետո, իր վիրավորվելուց հետո, նա հիվանդանոցում պիտի ցավով իմանար սիրելի հրամանատարի զոհվելու եւ «Մարտական խաչ» առաջին աստիճանի մեդալով հետմահու պարգեւատրվելու մասին: Ու ողջ կյանքում պիտի հիշի, որ անօդաչու թռչող սարքի կրակահերթից ինչպես իրեն փրկեց սիրելի հրամանատարը՝ նետվելով խրամատի մեջ եւ վրան, որպես վահան, պառկելով: Մեկ անգամ էլ նույն հոգատարությամբ իրեն փրկել է դիվիզիոնի հրամանատարը: 

Ու չի մոռանա, թե ինչպես Ժորա Քթրյանը անձնազոհ նետվեց դեպի թշնամու կամիկաձե անօդաչու սարքի հարվածից բռնկված մեր ինքնաշարժ հրետանին եւ կարողացավ կրակի ճարակից փրկել երեւանցի զինվոր Հունանին: Ի դեպ, հետեւելով հրամանատարին, Գարիկը եւս համարձակվում է մտնել այրվող ինքնաշարժի մեջ եւ դուրս հանել վերջին զինվորին: 

Մատաղիսի համար մղված մարտերում միայն առաջին մի քանի օրերին Ժորա Քթրյանի ղեկավարությամբ գործող հրետանավորներին հաջողվել է անվրեպ խոցել թշնամու 100-ից ավելի թիրախ՝ ոչնչացնելով տանկեր, զրահատեխնիկա, հետեւակի ուժեր:

Այդ 100-ից 40-ը բաժին է հասել Գարիկի գլխավորած խմբին: Մարտիկների համար քաջության, հայրենասիրության օրինակ է եղել դիվիզիոնի հրամանատար Սաքո Գեւորգյանը, որի հոգատարության, ուշադրության շնորհիվ հաջողվել է խուսափել բազում դժբախտություններից: Տեսնելով երիտասարդ հրետանավոր որեւէ զինվորի վարանումը կամ հոգնածությունը, ինքն էր անձամբ շարունակում հրետակոծությունը:

Իսկ երբ դրոնի հարվածից «մեջտեղից ճղվեց» 23 տոննանոց  երկրորդ տեխնիկան, Գարիկը  կարողացավ տանկից հանել մի զինվորի եւ լուրը հասցնել դիվիզիոնի հրամանատարին, ով առանց մի վայրկյան կորցնելու, ձեռքն առավ կրակմարիչը, նետվեց առաջ եւ կրակների միջից հանեց Մանուկ անունով զինվորին: Քաջության դասեր են առել նաեւ մայոր Ապերյանից: Այս անվախ սպան այնքան հմուտ էր իր գործում, անընդհատ գնդակոծությունների, դրոնների թռիչքների ներքո այնպես էր կազմակերպում ռազմագույքի տեխնիկական սպասարկումը, որ գոնե մեկ անգամ որեւէ տեխնիկայի անսարքության պատճառով իրենք նեղություն չեն կրել:

Թշնամու հրետակոծություններից մեկի ընթացքում էլ ծանր վիրավորվում է Գարիկ Հարությունյանը: Նրան կարողանում են տեղափոխել Ստեփանակերտ, վիրահատում են, բավարար չէր, երկրորդ անգամ վիրահատում են Մասիսի հոսպիտալում, հետո երկար օրերի ու ամիսների բուժումներ… Պատերազմից հետո էլ ծառայությունը շարունակել է Երեւանի հետախուզական գնդում:

Զորացրվել է, անցել խաղաղ աշխատանքի Վանաձորի «Սարտոն» կարի ֆաբրիկայում, որտեղ աշխատում են նաեւ ծնողները՝ Գագիկը եւ Վերգինեն, պապը՝ Ալբերտը: Ահավոր օրերն անցել են, պատերազմի դաժանությունների ու սարսափների մասին հիշողություններն  աստիճանաբար մարում են: Գարիկը վերջերս նշանվել է: Նրա ընտրյալը Վանաձորի թեթեւ աթլետիկայի մարզադպրոցում մարզիչ է աշխատում: