Բնակարանային գողություն՝ Տավուշի մարզում․ տան տանիքից առաստաղին անցք էր բացել և մտել ներս

Բնակարանային գողություն՝ Տավուշի մարզում․ տան տանիքից առաստաղին անցք էր բացել և մտել ներս

Դեկտեմբերի 7-ին արտակարգ բնույթի գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բերդ քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկից գողություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ թալանված տունը, որը գտնվում է Խորենացի փողոցի 88 հասցեում, պատկանում է ՌԴ-ում բնակվող, 55-ամյա Հրածին Մ-ին։ Տունը հայտնաբերվել է ամբողջությամբ տակնուվրա եղած:

Ըստ նախնական տեղեկությունների՝ գողացել են էլեկտրական մսաղաց, հյութաքամիչ, 1 հատ դաշույն, 1 շիշ կոնյակ, 2 շիշ օղի, 1 տուփ բաժակ, տարբեր տեսակի կանացի զարդեր՝ 1 զույգ ականջօղ, 1 հատ շղթա, զարդաքարեր, 4 հատ մեդալ և 1 հատ կրծքանշան։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագետը, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով հայտնաբերում և ձերբակալում են Տավուշի մարզի բնակիչ, 16-ամյա Գրիշա Ա-ին։

Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ նոյեմբերին մտել է  նշված տան տանիք, մի քանի ժամվա ընթացքում առաստաղին անցք է բացել, մտել ներս և կատարել գողություն։ Կասկածյալը խոստովանել է նաև, որ գողացած ապրանքների մի մասը թաքցրել է տուժածի առանձնատան հետնամասում՝ արկղի մեջ՝ հետագայում տանելու նպատակով, իսկ մի մասը տարել է իրենց տուն։

Ամբողջ գողոնը հայտնաբերվել է։ Կասկածյալը Ոստիկանության Տավուշի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում