Գազելում հրդեհ է բռնկվել. վարորդն ու 18 ուղևորները ժամանակին դուրս են եկել մեքենայից

Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ բնակավայրի վարչական տարածքում մարդատար ГАЗель է այրվում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի թիվ 65 հրշեջ փրկարարական ջոկատից՝  1 մարտական հաշվակ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել է Բերդ-Չինարի երթուղին սպասարկող ուղևորատար ավտոմեքենայում, որը վարելիս է եղել Տավուշի մարզի բնակիչ 61-ամյա Զավեն Օրդյանը:

Բարեբախտաբար թե՛ վարորդը, թե՛ ГАЗель-ում գտնվող 18 ուղևորները օպերատիվորեն դուրս են եկել ГАЗель-ից, իսկ ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանն ու ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը: 

Տեղում ՊԾ Տավուշի մարզի գումարտակի հրամանատար Լ. Մարտիրոսյանի հանձնարարականով, ելնելով վարորդների ու քաղաքացիների անվտանգությունից, երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է: 

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է: